
«Համաներդրումների հիմնադրամ»-ի նախկին ղեկավար և Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլիին, որի հարաբերությունները վերջին տարիներին սրվել են Իվանիշվիլիի հետ՝ ընդհուպ մինչև դատարան, դատախազությունը երրորդ մեղադրանքն է առաջադրել:
Բաչիաշվիլին նախօրեին հայտարարել էր, որ լքել է Վրաստանը, դատախազությունը հենց այս հիմքով էլ մեղադրանք է առաջադրել՝ սահմանն ապօրինի հատելու համար: Տեղեկությունը Netgazeti լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել են դատախազությունից։
Բաչիաշվիլիին արգելված էր լքել երկիրը. անհայտ է մնում, թե ինչպես է նրան հաջողվել հեռանալ երկրից։ Դատարանը կքննի Բաչիաշվիլիի բացակայությամբ խափանման միջոցի վերաբերյալ գործը։
Բաչիաշվիլին գրել էր, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։
Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկու գործով՝ «կրիպտոարժույթի յուրացման» և «Մտկվարի ՀԷԿ»-ի գործով. երկու դեպքում էլ Բիձինա Իվանիշվիլին է ներգրավված։
Բաչիաշվիլիի դեմ առաջին գործը հարուցվել է 2023 թվականին՝ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա։ Դատախազությունը, հիմնվելով Իվանիշվիլիի հայտարարության վրա, Բաչիաշվիլիին մեղադրում է 39 մլն 215 հազար 820 ԱՄՆ դոլար արժողությամբ բիթքոյն յուրացնելու համար։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան պարտավորեցրել է 2,5 մլն լարի գրավ վճարել։
«Մտկվարի ՀԷԿ»-ի գործով, որն ի սկզբանե եղել է գործի մաս, գործարարին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի փետրվարի 25-ին, և այս դեպքում նույնպես գրավ է սահմանվել՝ այս անգամ 50 հազար լարիի չափով։