Իվանիշվիլիի կասկածելի հաղթանակը երկիրը տանում է դեպի ավտորիտարիզմ. The Insider

«Իվանիշվիլիի կասկածելի հաղթանակը կարող է Վրաստանը ընկղմել ավտորիտարիզմի և ռեպրեսիայի մեջ». այս վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել աշխարհի ազդեցիկ պարբերականներից The Insider-ը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Արևմուտքի հետ մերձեցման դադարեցումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բացահայտ մերձեցումը դարձնում է ավելի գայթակղիչ սցենար օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի համար։

Հոդվածում նշվում են նաև երկու քննադատական ​​լրատվամիջոցների՝ Formula-ի և «Մթավարի արխի»-ի պատրաստած exit poll-երը․ ընդգծվում է, որ նախնական արդյունքներով ընդդիմությունը հաղթել է, սակայն ընտրատեղամասերը փակելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է խիստ տարբերվող արդյունք, որոնց արդյունքում ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք»-ը։

«ԿԸՀ-ն Գլխավոր դատախազությունից պահանջել է հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքները: Ընդդիմությունը, որը ընտրություններից առաջ լայնածավալ ցույց է անցկացրել Թբիլիսիում, Բիձինա Իվանիշվիլիին և նրա կուսակցությանը մեղադրել է զանգվածային կեղծիքների մեջ: Շատ միջազգային դիտորդներ համաձայն են այդ մեղադրանքների հետ այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ըստ փորձագետների, եթե Իվանիշվիլին կարողանա պահպանել իշխանությունը, ապա ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները և LGBTQ+ ակտիվիստները, կարող են ենթարկվել անխուսափելի ռեպրեսիաների: Արևմուտքի հետ մերձեցման դադարեցումը և Վլադիմիր Պուտինի հետ բացահայտ մերձեցումը, դառնում է ավելի գայթակղիչ սցենար Իվանիշվիլիի համար…»,- գրել է պարբերականը:

Նշվում է՝ բացի սոցիոլոգների տվյալների հետ անհամապատասխանությունից, ընտրությունների արդյունքները կասկածելի են նաև դիտորդների և լրագրողների նկատած բազմաթիվ խախտումների պատճառով։ Բացի այդ, զանգվածային լրատվամիջոցները հաղորդում էին բռնության փաստերի մասին անմիջապես ընտրությունների օրը՝ հարձակումներ ընդդիմության, դիտորդների վրա, ծեծկռտուք հրահրողների մասնակցությամբ, ենթադրաբար՝ ի շահ «Վրացական երազանք»-ի…

Հեղինակը նաև ընդգծել է՝ չնայած այն հանգամանքին, որ վրացիները հայտարարել են, որ շարժվում են դեպի Արևմուտք, վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոստումը «վերանայել» ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները, դժվար թե իրականացվի։

«Փոխարենը, «Վրացական երազանք»-ի հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կբարդացնի հարաբերությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հետ… Կրեմլը ողջունում է այն փաստը, որ Իվանիշվիլին խորացնում է «Վրացական երազանք»-ի ռուսամետ ուղղությունը, ինչի մասին են վկայում ընտրությունների վերաբերյալ Մոսկվայից հնչող դրական մեկնաբանությունները»,- գրում է The Insider-ը։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: