Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալով Վրաստանը տարածքներ չի կորցրել:
Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացման հիմքը ստեղծել է Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Իշխող կուսակցության նախագահի խոսքով, ստահոդ տեղեկատվություն է, թե Բիձինա Իվանիշվիլին ռուս օլիգարխ է։
Ինչպես Կոբախիձեն է ասել, Իվանիշվիլին արդեն 10 տարի է, ինչ Ռուսաստանի հետ հարաբերություններ չի ունեցել, այդ թվում՝ բիզնեսի ու քաղաքական առումով։
«Գիտեք, որ հենց «Միացյալ ազգային շարժումն» է Վրաստանի տարածքների 20 տոկոսը հանձնել Ռուսաստանին։ Տարիներ շարունակ նրանք հող էին նախապատրաստում, որ Ռուսաստանը վերցնի Վրաստանի տարածքների 20 տոկոսը»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել Վրաստանի երկու շրջանները՝ Աբխազիան և Հարավային Օսիան: