Իվանիշվիլիի հիմնական ուղերձները

Երեկ՝ հուլիսի 16-ին, բացվել է «Վրացական երազանք»-ի նոր կենտրոնական գրասենյակը, ազդարարվել է նախընտրական քարոզարշավը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Նրա հնչեցրած հիմնական ուղերձները՝ ստորև։

Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում սպառնացել է՝ ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը, որը հիմնադրել է Միխեիլ Սաակաշվիլին, պետք է պատասխան տա վրաց հասարակության և օրենքի առջև։

«Երկրի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որ «Ազգային շարժումը» պատասխան տա վրաց հասարակության ու օրենքի առջև։ Ընտրություններից հետո նրանք պետք է պատասխան տան այն բոլոր հանցագործությունների համար, որոնք արել են երկրում իշխանության ժամանակ», — ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Իվանիշվիլին խոսել է «Վրացական երազանքի» կողմից պարբերաբար կրկնվող դավադրության տեսության՝ «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին։ Նրա խոսքով, «Միացյալ ազգային շարժման» թիկունքում կանգնած է հենց «Գլոբալ պատերազմի կուսակցությունը»։

Հատկանշական է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ ապատեղեկատվական նարատիվները նոր երանգ են ստացել՝ ստանալով դավադրության տեսությունների տեսք. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի  «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ստիպում է տարբեր պետությունների տարբեր քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:

Ըստ նրա, հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանքին» անհրաժեշտ է հաղթել սահմանադրական մեծամասնությամբ, որպեսզի վերջնականապես վերջ դրվի «Վրաստանում պատերազմի կուսակցությանը, գործակալներին, արմատականությանը, բևեռացմանն ու լիբերալ ֆաշիզմին»։

Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքի» մյուս առաջնորդները հայտարարել են, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև»։