Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ։
Մայիսի 4-ին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը սադրիչ է անվանել «Վրացական երազանքի» հիմնադիր, այժմ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները, որոնք վերջինս արել էր ապրիլի 29-ի ելույթի ժամանակ։
Զուրաբիշվիլին դեսպաններին ասել է, որ Վրաստանում կրիտիկական փուլ է մոտենում, և անհրաժեշտ է նրանց կառավարությունների աջակցությունը։
«Կարծում եմ, որ այն փուլը, որը հիմա սկսվում է, կլինի շատ կրիտիկական, քանի որ մոտենում է «գործակալների օրենքի» երրորդ ընթերցումը։ Կարծում եմ՝ ամսաթվերի ընտրությունը մի քիչ սադրիչ է։ Այս ամենը տեղի է ունենում Զատկի շրջանում, որը պետք է լինի վերամիավորման և ապաբևեռացման ժամանակահատված…
Պարոն Իվանիշվիլիի ելույթը շատ սադրիչ էր՝ ձեր և Վրաստանի բնակչության վերաբերյալ։ Այս ամենը նշանակում է, որ մենք լարված իրավիճակում ենք», — ասել է նախագահը։
Նախագահը ներողություն է հայցել դեսպաններից «Վրացական երազանքի» կառավարության կողմից՝ դեսպանների երկրներին ուղղված խոսքերի համար, ինչպես նաև ասել է, որ Վրաստանի քաղաքացիները լավ են հիշում և գնահատում միջազգային գործընկերների օգնությունը։
Նախագահը, դիմելով դեսպաններին՝ ասել է, որ նրանք մեծ դեր ունեն կայունության ապահովման գործընթացում, եվրոպական ուղին շարունակելու Վրաստանի ջանքերում և գիտակցելու, որ «Վրաստանը միայնակ չէ»։ Զուրաբիշվիլին նաև նշել է, որ կառավարության ձեռնարկած քայլերը հարձակում են Վրաստանի Սահմանադրության վրա, որտեղ «շատ հստակ գրված է, թե որոնք են Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը և ուղղվածությունը»։
Ի դեպ, ապրիլի 29-ին Ռուսթավելիի պողոտայում, «Վրացական երազանքի» կազմակերպած հանրահավաքում ելույթի ժամանակ իշխող կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ օտարերկրացիները իզուր են Վրաստանին օգնություն «շնորհում», քանի որ «իրականում այն գրեթե ամբողջությամբ օգտագործվում է գործակալությունն ուժեղացնելու և նրանց իշխանության բերելու համար»:
«Այդ միջոցները ոչ մի կապ չունեն օգնության հետ, այլ ընդհակառակը, դրանց միակ նպատակը Վրաստանին պետական ինքնիշխանությունից զրկելն է»,- ասել էր Իվանիշվիլին։
Հակաարևմտյան նարատիվներ, հոմոֆոբիա և սպառնալիքներ. Իվանիշվիլիի ելույթը