Եվրապատգամավոր Մարկետա Գրեգորովայի խոսքով, Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում խոսք չկա Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին, սակայն այդ հարցով փոփոխություններ փաստաթղթում կարող են ընդգրկվել լիագումար նիստից հետո։
Ըստ Գրեգորովայի՝ չնայած այն հանգամանքին, որ Իվանիշվիլին օլիգարխ է, «Վրացական երազանքը» շարունակում է պնդել, թե Իվանիշվիլիի վրա չի տարածվի հակաօլիգարխիայի օրենքը, ինչը շատ վատ տպավորություն է ստեղծում։
«Իվանիշվիլիի վերաբերյալ լրացումներ եղան, բայց դրանք չընդունվեցին, հետևաբար, տեղ չգտան եզրակացության մեջ:
Ընդհանրապես ապաօլիգարխիզացիան այն 12 կետերից մեկն է, որոնք պետք է փոփոխվեն՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ուստի դա շատ կարևոր է։ Վրաստանի խորհրդարանի առաջարկած հակաօլիգարխիայի օրենքը, որին ես դեռ ծանոթ չեմ, սակայն տեղյակ եմ, որ նման է ուկրաինական օրենսդրությանը»,- ասել է Գրեգորովան:
Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ։ Բանաձևում չի նշվում Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, թեև Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս լուծել Իվանիշվիլիի չափազանց մեծ ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում։