Իվանիշվիլիի ընտանիքը Մոսկվայում վերջին տարիներին սեփականություն է ձեռք բերել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սեփականություն ունի Մոսկվայում, ընդորում այդ ունեցվածքի մի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին։ Այդ մասին խոսվում է մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համատեղ պատրաստած հոդվածում, որի վրա աշխատել են «Աի, փաքտի», OCCRP, iStories-ը (Ռուսաստան), GMC, Studio Monitor և «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան»-ը։

Նշվում  է՝ «վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի մինչ այժմ անհայտ անշարժ գույքը Մոսկվայում»։

Հոդվածում նշվում է, որ լրագրողները պարզել են՝ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը շարունակել է ընդլայնել անշարժ գույքը Ռուսաստանում նույնիսկ 2012 թվականից հետո։

«Ընտանիքի վերջին ձեռքբերումը թվագրվում է 2024 թվականին։ Օլիգարխի կինը՝ Էկատերինե Խվեդելիձեն, այս տարվա ապրիլի 19-ին 4500 քառակուսի մետր հողատարածք է գնել։ Մինչ այդ՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին, Խվեդելիձեն Ռուսաստանում գրանցել է ևս մի քանի անշարժ գույք»,- նշված է հոդվածում, որը տարածել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:

Նշվում է, որ Մոսկվայի մերձակայքում՝ «Պերեդելկինոյի» էլիտար ամառանոցների մոտ, Իվանիշվիլիի ընտանիքը բնակելի տուն և երեք հողատարածք ունի: Տեղեկության համաձայն՝ այս վայրում անշարժ գույքի միջին արժեքը կազմում է ավելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլար։

Հետաքննող լրագրողները հայտնել են, որ Բիձինա Իվանիշվիլիի կնոջ՝ Էկատերինա Խվեդելիձեի և որդու՝ Ուտա Իվանիշվիլիի տները վարձակալված են «Ակվա-Սփեյս» ընկերության կողմից, իսկ եկամուտը վճարվում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկի՝ VTB-ի միջոցով։ 2023 թվականի հունվարից Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Պերշինը գրեթե ամեն ամիս «Ակվա-Սփեյս»-ի հաշվին փոխանցել է 800 հազար ռուբլի (մոտ 9000 ԱՄՆ դոլար): Վարձավճարը տևել է առնվազն մինչև 2024 թվականի մայիսը, իսկ Խվեդելիձեին վճարել են մոտ 94 հազար ԱՄՆ դոլար։

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում որպես պետական ​​աշխատող մեկ տարի է աշխատել: Վերջին հայտարարագիրը լրացրել է 2013 թվականին: Ըստ այդ փաստաթղթի՝ 2013 թվականին Իվանիշվիլիի կինը՝ էկատերինա Խվեդելիձեն, բնակելի տուն և երեք հողատարածք ուներ Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այդ գույգի գոյության/չգոյության մասին այս պահին հստակ տեղեկություն չկա:

TI-ի 2022 հետազոտության համաձայն՝ «Ակվա-Սփեյս»-ը պատկանում էր Բիձինա Իվանիշվիլիին Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված Venity Overseas Limited ընկերության միջոցով։

«Քանի որ «Ակվա-Սփեյս» ընկերությունը վարձավճար է ստանում Բիձինա Իվանիշվիլիի կնոջ ունեցվածքից, ապա այդ վարձավճարի մի մասը նույն օրը փոխանցում Էկատերինա Խվեդելիձեին, կասկած կա, որ «Ակվա-Սփեյսը» դեռ պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին կամ նրա ընտանիքին»,- գրված է հետաքննական հոդվածում:

Նշվում է նաև, ընկերությունը 2023 թվականին ունեցել է մինչև 71 մլն ռուբլի (մոտ 800 հազար ԱՄՆ դոլար) շահույթ։ Ինչ վերաբերում է գույքին, ապա ընկերությանը պատկանում է 2,7 հեկտար հողատարածք մերձմոսկովյան հատվածում, որի արժեքը կազմում է 2,7 մլն դոլար։