Իվանիշվիլիի անօրինական ռեժիմը փորձում է պահպանել իշխանությունը. Ուիլսոն

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն արձագանքել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցների կողմից ակտիվիստների տների խուզարկությանն ու ձերբակալությանը:

Ուիլսոնը նշել է՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «դաժան և անօրինական ռեժիմը փորձում է պահպանել իշխանությունը ընտրակեղծիքներից հետո»։

«Իվանիշվիլիի դաժան և անօրինական ռեժիմը ներխուժում է խիզախ վրացիների տները և կամայականորեն ձերբակալում քաղաքացիներին՝ հուսահատ փորձելով պահպանել իշխանությունը հոկտեմբերին կեղծված ընտրություններից հետո: Պետք է պատժամիջոցներ սահմանվեն: Թրամփը կուղղի դա», — գրել է Ուիլսոնը:

Նշենք, որ փետրվարի 1-ին ոստիկանությունը Թբիլիսիում մի քանի ժամ շարունակ խուզարկություն է իրականացրել ակտիվիստների և մի խումբ քաղաքացիների տներում: