Մարտի 6-ին Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես կբացի ITB Berlin 2023-ը, հայտնում է ITB Berlin-ի պաշտոնական կայքը։
Կազմակերպիչների խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ Բեռլինում միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն Գերմանիայի փոխկանցլեր և տնտեսական հարցերի նախարար Ռոբերտ Հաբեկը, Բեռլինի քաղաքապետ Փրանցիսկա Գիփը և Բեռլինի ցուցահանդեսի տնօրեն Դիրկ Փոհմանը։ Տեղեկության համաձայն, ներկա կլինեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին և Առևտրի ու զբոսաշրջության համաշխարհային խորհրդի նախագահ Ջուլիա Սիմփսոնը:
Ցուցահանդեսում Վրաստանի հիմնական կոնցեպտը «անսահման հյուրընկալություն»-ն է։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության համաձայն՝ կներկայացվեն Վրաստանի մշակույթն ու էթնիկ բազմազանությունը՝ վրացական գինու մշակույթից մինչև ժամանակակից ավանգարդ արվեստ։ Բացման ցուցադրությունը ներառում է վրացական արվեստի գլուխգործոցներ և տարբեր ժանրեր: Կներկայացվեն էթնո ջազ, երգեցողություն և էլեկտրոնային երաժշտություն։ Հանդիսավոր համերգին հանդիսատեսի առջև ելույթ կունենա վրացական աշխարհահռչակ «Սուխիշվիլի» ազգային բալետը։ Շոուն բաղկացած է վեց մասից, և Վրաստանի ազգային բալետի պարողների հետ միասին «Ռուսթավի» անսամբլը կկատարի ավանդական պոլիֆոն երգեր, Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և նրա դիրիժոր Նիկոլոզ Ռաչվելին կներկայանան հանդիսատեսին։
Բացման արարողությանը կմասնակցեն աշխարհահռչակ օպերային սոպրանո Նինո Մաչաիձեն, վիրտուոզ դաշնակահարուհի Դուդանա Մազմանիշվիլին, ջութակահար Լիզա Բատիաշվիլին, կոմպոզիտոր Դաթո Եվգենիձեն և երաժիշտ Նիկա Մաչաիձեն։
Մարտի 7-9-ը Բեռլինում կանցկացվի աշխարհի առաջատար միջազգային զբոսաշրջային ցուցահանդես։ Բեռլինի զբոսաշրջային ցուցահանդեսում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը ներկայացված է Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի, Թբիլիսիի քաղաքապետարանի, զբոսաշրջային ասոցիացիաների, 44 տուրօպերատորների և 23 հյուրանոցների հետ միասին, ընդհանուր առմամբ` մոտ 80 կազմակերպություն և ընկերություն:
Ի դեպ, ITB Berlin-ն անցկացվում է 1966 թվականից։ 2019 թվականին` մինչ համաճարակը, ITB Berlin-ը հյուրընկալել էր 10 հազար մասնակիցների՝ աշխարհի 181 երկրներից: Ցուցահանդեսն ունեցել է 160 հազար այցելու, լուսաբանել են ԶԼՄ-ների 5 000 ներկայացուցիչներ։