Վրաստանի քաղաքացի Լաշա Շակղուլաշվիլին, որ հիմա Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում է, RadioTavisupleba-ին հայտնել է, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ հայրենիք, բայց չեն կարողանում ավիատոմսերի սղության և թանկության պատճառով։
«Շատերն են ուզում մեկնել, նույնիսկ այստեղ ապրող վրացիները, բայց տոմսերը թանկ են։ Ես երբեք 100 դոլարից ավելի չեմ վճարել Georgian Airways-ին տոմսի համար, այժմ` 1 000 լարի է»,- ասել է Շակղուլաշվիլին։
Ի դեպ, բացի վրացական Georgian Airways ավիաընկերությունից, Իսրայելից Վրաստան թռիչքներ է իրականացնում իսրայելական մի քանի ընկերություն։
Georgian Airways-ի կայքում առկա տվյալների համաձայն, հոկտեմբերի 12-ին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանից Թբիլիսիի միջազգային օդանավակայան ավիատոմսերի արժեքը կազմում է 1 663 լարի։
Georgian Airways-ը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ էկոնոմ դասի տոմսերի գինը չի բարձրացել, սոցիալական ցանցերում հայտնված 2 հազար լարին բիզնես դասի տոմսերի արժեքն է։
Ի դեպ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ այս փուլում Վրաստանի քաղաքացիներին Իսրայելից տարհանում չի նախատեսվում, քանի որ այդ երկրից կանոնավոր թռիչքներ են իրականացվում:
Մի շարք երկրներ սկսել են Իսրայելից տարհանել իրենց քաղաքացիներին երկրում իրավիճակի վատթարացումից հետո։ Ներկայումս գործում են դեպի Թել Ավիվ կոմերցիոն չվերթեր, թեև սահմանափակ թվով և ոչ նախկին հաճախականությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժումը ձեռնարկել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Զինված անձինք հատել են Իսրայելի սահմանը` հրթիռային զարկերին զուգընթաց։ Իր մասշտաբով դա աննախադեպ հարձակում էր:
Սա ամենամեծ միջադեպն է 2021 թվականի տասնօրյա պատերազմից հետո։