
Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է հանցավոր խմբի 15 անդամների: Տեղեկատվությունը տարածում է MSN լրատվականը:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են: Նրանք երկու խմբավորումների անդամներ են: Ձերբակալվածների թվում կա նաև, այսպես կոչված օրենքով գող: Նրա ինքնությունը չեն հայտնել, սակայն, ասվում է, որ ձերբակալվածը 53 տարեկան է և նախկինում դատապարտված է եղել Ռուսաստանում:
Ձերբակալվածները մեղադրվում են Բարսելոնայում տասնյակ տների և բնակարանների կողոպուտի մեջ: Խուզարկման արդյունքում իրավապահ մարմիններն առգրավել են 13 հազար եվրո, 2 կգ ոսկյա զարդեր և բնակարանների կողոպուտի համար անհրաժեշտ սարքավորումներ:
13 ձերբակալվածներին դատարանը նախնական կալանքի է ենթարկել, իսկ երկուսը ազատ են արձակվել գրավի դիմաց: