Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է համաներման մասին օրենք ընդունել, որով որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի տարեկան զեկույցում խոսել է ընտրություններից առաջ ընդունվելիք օրենքի մասին՝ պատասխանելով ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունից պատգամավոր Հերման Սաբոյին։
«Վրաստանի Քրեական օրենսգրքում արդեն կա համապատասխան հոդվածների և կետերի ցանկ, որոնք կարող են կապված լինել համաներման տակ գտնվող անձանց ազատ արձակման հետ»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ արդարադատության նախարարությունը ներգրավված է այս գործընթացում. քրեակատարողական համակարգը գտնվում է այս նախարարության իրավասության ներքո։ Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Վրաստանի բանտերում կա մոտ 10 հազար բանտարկյալ, ինչը գերազանցում է եվրոպական ցուցանիշը։
«Առաջիկայում բանտարկյալների թիվը պետք է լրջորեն կրճատվի՝ եվրոպական չափանիշին մոտենալու համար։ Դրա համար ցանկալի կլիներ մեկ երրորդով կրճատել բանտարկյալների թիվը։ Կարծում ենք, որ համաներման մասին օրենքը, որը մշակվել է, լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է վարչապետը։
Կոբաիձեի խոսքով, համաներման մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, իսկ հուլիսին այն հնարավոր կլինի ընդունել առաջին ընթերցմամբ։ Նախատեսվում է, որ «համաներման մասին օրենքի ընդունումը կավարտվի սեպտեմբերին բոլոր երեք լսումներով»։
Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին՝ համաներման մասին օրենքի ընդունումից մի քանի շաբաթ անց։