Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր հետազոտության արդյունքներին, ըստ որի՝ մարտյան հարցումների համաձայն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» ունի 14 տոկոս վստահություն, իշխող թիմը՝ 19 տոկոս:
Հետազոտության արդյունքներն իշխող կուսակցության անդամ Գիվի Միկանաձեի գնահատմամբ` «անհեթեթ թվեր» են, և դրանց վստահելու պատճառ չկա: Նրա խոսքով, ցանկացած մարդ, որ Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացներին չեզոք տեսանկյունից է հետևում, հստակ կհասկանա, որ դրանք կողմնակալ են, սուբյեկտիվ և հիմնազուրկ։
«Վրացական երազանքի» մեկ այլ անդամ՝ Արչիլ Թալակվաձեն էլ ասել է, որ բազմիցս է հայտարարել IRI-ի հետազոտությունների արդյունքների իրականությունից հեռու լինելու մասին:
«Առաջին հերթին ցանկանում ենք հաստատել մեր հարգանքը բոլոր միջազգային կազմակերպությունների և մեր գործընկերների նկատմամբ։ Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձնում Վրաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններին։ Ինչ վերաբերում է քաղաքական վարկանիշներին, ապա պարզ է, որ ոչ միայն մենք՝ քաղաքական թիմի անդամներս, այլ մեր ցանկացած համակիր կդժվարանա հավատալ ու ընդունել այս արդյունքներն այնպես, ինչպես ներկայացվում են»,- ասել է Թալակվաձեն։
Ըստ խորհրդարանական մեծամասնության անդամ Ռատի Իոնաթամիշվիլիի՝ ուսումնասիրությունը հիմնված չէ փաստերի վրա։ Նրա խոսքով, յուրաքանչյուր ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքին» աջակցում է մեկ միլիոն քաղաքացի, և դա պայմանավորված է իշխանության վարած քաղաքականությամբ։
«Անհաջող փորձ է արվում նպաստելու այն ընկալումների կայացմանը, որոնք կվերակենդանացնեն ՄԱՇ-ին»,- ասել է Իոնաթամիշվիլին։