Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք»-ին սատարողները Թբիլիսիի Ամաղալեբիի փողոցում հարձակվել են իրենց կուսակցության քարոզչական նյութեր բաժանող անդամների վրա:
Կուսակցությունը միջադեպի տեսանյութը հրապարակել է Facebook-ում, որտեղ երևում են «Վրաստանի համար»-ի անդամներից քարոզչական նյութեր վերցնող մի քանի անձինք։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է նրանցից մեկը Գախարիայի կուսակցության նախընտրական պաստառը տանում դեպի աղբաման` ասելով. «Ահա, որտեղ պետք է լինի Գախարիան, հոկտեմբերի 26-ին նա կնետվի քաղաքական աղբարկղը»:
«Մեզ նման երիտասարդների շնորհիվ է այս երկիրը ոտքի վրա կանգնած»,- ասել է այդ անձանցից մյուսը։
«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Աննա Բուչուկուրին ասել է, որ Ամաղալեբիի փողոցում իրենց ներկայացուցիչները պաստառներ էին փակցնում, երբ առնվազն 10 երիտասարդներ հարձակվել են իրենց վրա։ Բուչուկուրիի խոսքով՝ նրանցից երկուսը բացահայտվել են, և այսօր` հոկտեմբերի 10-ին, իրենք պատրաստվում են այդ թեմայով ճեպազրույց անցկացնել։ Ըստ նրա՝ դեպքի վայր է ժամանել նաև պարեկային խումբը:
Ներքին գործերի նախարարությունից դեպքի առնչությամբ հայտարարություն չի արվել: