Վաշինգտոնի կողմից Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնության դադարեցումը հստակ պատասխանն է այն բանի, որ վերջին շրջանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու փոխարեն ընտրել է հակաարևմտյան քաղաքականությամբ աչքի ընկնող գերտերությունների հետ հարաբերությունների խորացումը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրացի որոշ փորձագետներ:
Փորձագետներն ԱՄՆ-ի որոշումը կապում են նաև իշխող թիմի ընդունած «գործակալների օրենքի» հետ, որը միջազգային գործընկերները բազմիցս ժողովրդավարական ուղուց հետընթաց են գնահատել և զգուշացրել, որ դա կխոչընդոտի Թբիլիսիի եվրատլանտյան կառույցներին անդամակցությանը:
Քաղաքագետ, ընդդիմադիր «Լելո» կուսկացության անդամ Գրիգոլ Գեգելիայի խոսքով՝ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ «Վրացական երազանք»-ը մեծ հարված է հասցրել Վրաստանի եվրատլանտյան ուղուն. հեղինակազրկել է երկիրը և խաթարել երկրի կայունությունը: Եվ, ըստ նրա, դա վկայում է, որ իշխող թիմը ծառայում է Ռուսաստանին և սպասարկում է Ռուսաստանի շահերը:
Քաղաքագետը նաև հավելեց՝ ԱՄՆ-ի որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ենք կորցնում այն պատճառով, որ ունենք «Վրացական երազանք»-ի նման կառավարություն: Գեգելիան ԱՄՆ-ի որոշման մեջ ուղիղ կապ է տեսնում «ռուսական օրենքի» ընդունման և վրացական ժողովրդավարության անկման հետ:
«Մենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից լսում ենք հայտարարություններ, ըստ որոնց` վերանայվում են Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները: Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի կառավարությունը կարողացավ այնպես անել, որ կորցնենք բոլոր ռազմավարական գործընկերներին և փչացնենք հարաբերությունները նրանց հետ»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Գեգելիան:
Քաղաքագետը նաև նշեց օգնության դադարեցումից հետո սպասվելիք հնարավոր վտանգների մասին։ Նրա դիտարկմամբ` ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների վատթարացման հետևանքով Վրաստանը կմնա միայնակ և մեկուսացված, ինչը ձեռնտու է միայն Մոսկվային:
«Վրաստանի կառավարությունը վերջին շրջանում սկսել է հեռանալ Արևմուտքից և մոտենալ Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, և ինչպես տեսանք` երեկ Կոբախիձեն (Վրաստանի վարչապետ — հեղ.) նստած էր ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի հետ: Այս ամենը, իհարկե, ազդում է Արևմուտքի հետ Վրաստանի հարաբերությունների վրա, և Արևմուտքում հստակ գիտեն՝ իշխանությունը վերածվել է հակաարևմտյան ուժի»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին:
Ըստ Բատիաշվիլիի՝ դրա պատճառով է, որ Արևմուտքը խոսքից անցել է գործողությունների: Վերլուծաբանը նաև հավելեց՝ Արևմուտքը Վրաստանի կառավարությանը հստակ ասում է. «Եթե դու Արևմուտքի կողքին չես, ինչու պետք է Արևմուտքն օգնի քեզ»:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդգծել է՝ Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարություններն անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին։
«Չնայած մենք առայժմ կասեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանն այս գործողությունների պատճառով, սակայն ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ կբերեն վրաց ժողովրդին, կամրապնդեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները և տնտեսական զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):