Վրաստանում եվրոպական ընտանիքին միանալու հարցով վերջին շրջանում բազմամարդ ակցիաներ կազմակերպող «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը պնդում է, որ այսօր՝ հունիսի 30-ին, պետական պաշտոնյաներն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակիրները փորձել են խափանել իրենց հանդիպումները 6 քաղաքներում։
Շարժման և ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր շրջաններում ԵՄ-ի մասին տեղեկատվական հանդիպումներ են անցկացնում բնակչության հետհետ, ըստ իրենց պնդումների` հանդիպում են ագրեսիվ մարդկանց և բռնության ենթարկվում:
«Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման տվյալներով՝ այսօր՝ հունիսի 30-ին, Թելավիում, Խոնիում, Զուգդիդիում, Քութայիսիում և Բաթումիում նախապես հայտարարված հանդիպումները չեղարկվել են, քանի որ փորձեր են արվել խափանել դրանք։
Նշենք, որ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները ևս այսօր հարձակման են ենթարկվել տեղեկատվական բուկլետներ բաժանելիս։
Շարժման տվյալներով՝ ագրեսիվ մարդկանց թվում կան իշխող կուսակցության կողմնակիցներ և պետական պաշտոնյաներ։
Շարժումը պնդում է, որ այդ գործողությունները հանցագործության նշաններ են պարունակում։
«Մասնավորապես, տեղի է ունենում Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հավաքների իրավունքի խախտում։ Կոչ ենք անում իշխող կուսակցությանը դադարեցնել իրենց համար հակաարդյունավետ սադրանքները, որոնք չափազանց կվնասեն երկրի վարկանիշին։ «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը հստակ նշում է, որ հավատարիմ է միայն հավաքների խաղաղ ձևերին և կոչ է անում իրավապահներին ապահովել խաղաղ հավաքների ազատությունը և կանխել սադրանքները տեղում», — հայտարարել է շարժումը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքել է այդ մեղադրանքները։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքին» աջակցում են միլիոնավոր մարդիկ, իսկ «տեղական միջադեպերի» համար իշխող կուսակցությանը մեղադրելը հերյուրանք է։
Կարդացեք նաև՝
ԹՊՀ-ում բռնության են ենթարկվել «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի մասնակիցները