Իշխող կուսակցությունն ու նախագահը ներում շնորհելու մարմին ստեղծելու մտադրություն ունեն. IPN

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշվիլին խորհրդարանին առաջարկում է ստեղծել ներում շնորհելու խնդիրներով զբաղվող մարմին:

Այս մասին գրում է Interpressnews լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ տեղեկատվության՝ նախագահն առաջարկում է ստեղծել մարմին, որը կքննարկի այն բանտարկյալների գործերը, որոնց հնարավոր է ներում շնորհվի: Լրատվականը նաև գրում է, որ իշխող «Վրացական երազանքը» իր առաջարկներն ունի նախագահին: Մասնավորապես, ներում շնորհելու մասին որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել հանցագործության բնույթը, սոցիալական ռիսկերը, հանցագործությունները կատարված երեխաների հանդեպ, կնոջ նկատմամբ: Այն դեպքում, եթե դատապարտյալը նման կարգի հանցագործությունների համար է դատվել, ապա նրան ներում չի շնորհվի: Ներում չի շնորհվի նաև այն անձանց, ովքեր հետախուզման մեջ են, ովքեր դատապարտված են ոստիկանի սպանության համար:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համաներում շնորհածների մեջ կա նաև հետախուզման մեջ գտնվող անձ:  Սա մեծ աղմուկ բարձրացրեց երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձավ։