Իշխող կուսակցությունը կպարտվի. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով` իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունը կպարտվի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում, բայցև` կեղծ արդյունքներ կհայտարարվեն։

Այդ մասին ազատազրկված Սաակաշվիլին խոսել է Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ «Վիվամեդ» կլինիկայից առցանց կապի ընթացքում։

«Մենք հեղափոխության չենք պատրաստվում, մենք պետք է պատրաստվենք գնալ ընտրությունների, դիտարկել ընտրությունները, պայքարել ձայների համար։ Այն բանից հետո, երբ նրանք (իշխող կուսակցությունը- հեղ.) կհայտարարեն կեղծ արդյունքները, մենք պետք է պատրաստվենք բոլորս միասին՝ հարյուր հազարավոր մարդիկ, խաղաղ կանգնելու փողոցներում՝ օրերով, շաբաթներով, ամիսներով, մինչև նրանց ստիպենք ճանաչել վրաց ազգի ընտրությունը»,- ասել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով, «սա առաջին ընտրությունն է, երբ բոլորն ամեն ինչից տեղյակ են, և վերջին ընտրությունն է, երբ կարող ենք ինչ-որ բան փոխել»:

Այսօր դատարանում շարունակվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքի բռնի ցրման գործով դատավարությունը, որում մեղադրվում է Սաակաշվիլին։

Ի դեպ, հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ 4-րդ անգամ մնալու է իշխանության ղեկին, մինչդեռ ընդդիմությունը հավատում է սեփական հաղթանակին։