Իշխող կուսակցության հերթական մանիպուլացիան՝ «Ո՛չ ռուսական օրենքին»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու «գործակալների օրենքն» աջակցողները նոր մանիպուլացիոն արշավ են սկսել.նրանք սոցիալական ցանցերում «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային, այո՛ թափանցիկությանը» գրությամբ պաստառներ են տարածել։

Պաստառների վրա գրությունը կապույտ և կարմիր գույներով է, որը քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ կապում են Ռուսաստանի դրոշի գույների հետ։

Նման պաստառներ են հայտնվել իշխող կուսակցության առաջնորդ Մամուկ Մդինարաձեի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, կուսակցության ներկայացուցիչ խորհրդարանի պատգամավորների և «Վրացական երազանքի» այլ համախոհների էջերում։

Քաղհասարակության ներկայացուցիչները քննադատում են նման արարքը, որը նպատակ ունի քաղաքացիներին մոլորեցնելու։

Հատկանշական է, որ քաղաքացիները, որոնք իսկապես դեմ էին այդ օրենքին, պաստառներ են տարածում, որտեղ գրված է «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային», իսկ ահա «ռուսական օրենքի» աջակիցներն ավելացրել են  «այո՛ թափանցիկությանը» արտահայտությունը։ Թափանցիկության մասին նշելով` իշխող կուսակցությունը փորձում է արդարացնել և քարոզել «ռուսական օրենքը»։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա Մելիան արձագանքել է այս արշավին` դիմելով Կախա Կալաձեին. «Ովքեր դեմ են այս օրենքին, հավաքվում են խորհրդարանի դիմաց և բողոքում դրա դեմ, վերցրեք այդ պաստառն ու եկեք»։

«Ամեն քայլափոխի հարձակվում էին «Ո՛չ ռուսական օրենքին» գրությամբ պաստառների վրա, պատռում էին դրանք, բայց վերջում հասկացան, որ չեն կարող հաղթել այս բնական, վրացական բողոքին, և քանի որ ամենուր փոքրամասնություն էին կազմում, որպեսզի նրանց փոքրամասնություն լինելն այդքան աչքի չզարներ, գրում են` «Ո՛չ ռուսական օրենքին», — նշված է Մելիայի հայտարարության մեջ։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։