Ղարիբաշիլին փորձում է շահել Վրաստանում բնակվող ուլտրաաջ խմբերի, նացիոնալիստների, փոքրամասնությունների դեմ գործող խմբերի սիրտը: Անդրադառնալով մայիսի 4-5-ը Հունգարիայում նախատեսված Պահպանողականների միջազգային համաժողովի (CPAC) բանախոսների թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ներկայությանը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ «Վրացական երազանք»-ը շեղվել է կուսակցության հիմնական գաղափարախոսությունից: Կոնֆլիկտաբանը նշեց՝ կամ իշխող թիմը չի հասկանում, թե ինչ է անում (Պահպանողականների միջազգային համաժողովին մասնակցելով- խմբ.), կամ` որ ամենավատն է, գիտակցաբար է անցնում ուլտրաաջերի կողմը:
«Իշխող թիմը զբաղված է Վրաստանի հեղինակության «վաճառքով». դրա վառ ապացույցն այն է, որ իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն: Ղարիբաշվիլիի քայլն արդեն քննադատել են Եվրախորհրդարանում իշխող կուսակցության դաշնակիցները, ինչը, բնականաբար, ապացուցում է, որ դա սխալ քայլ է»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն:
Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նկատեց՝ մի կողմից Վրաստանի կառավարությունը պետք է հաշվի նստի ռազմավարական գործընկերների կարծիքի հետ, մյուս կողմից՝ Վրաստանն ունի ինքնիշխանություն, հետևաբար` երկրի վարչապետը կարող է ինքը որոշել՝ մասնակցել, թե չմասնակցել այս կամ այն համաժողովին:
«Վրաստանում ապրող ժողովրդի մեծ մասի համար ընդունելի են ժողովրդական ավանդույթները և պահպանողական արժեքների հանդեպ հարգանքը: Հետևաբար, երկրի ղեկավարի մասնակցությունը նման համաժողովներին` չպետք է դառնա այնպիսի քննարկումների թեմա, ինչպիսին որ հարուցել է»,- նշեց քաղաքագետը:
Հարկ է նշել, որ «Վրացական երազանք»-ը Եվրոպական սոցիալիստական կուսակցության (PES) դիտորդ անդամ է, որը Եվրախորհրդարանում ներկայացված է Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինքում (S&D):
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը և ամերիկացի վերլուծաբան, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին խորհրդական Լինքոլն Միթչելն արձագանքել և քննադատել են Ղարիբաշվիլիի մասնակցությանը CPAC-ին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն արձագանքել է ձախամետ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության (PES) հայտարարությանը՝ ասելով, որ գուցե հենց իշխող կուսակցությունը խոսի PES-ի հետ հարաբերությունների վերանայման մասին։
Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»:
Վարչապետը Բուդապեշտում է՝ մասնակցելու աղմկահարույց համաժողովին