Վրաստանում ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք հիմնականում աշխատում են մարդու իրավունքների, արդարադատության և սոցիալական հարցերի շուրջ, համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունները պաշտպանում են ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց՝ դատավորներին և նախկին գլխավոր դատախազին։
«Այսօր Վրաստանի կառավարությունն ակնհայտորեն պաշտպանում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց, դա վնասում է երկրի հեղինակությանը և Վրաստանի կառավարության նկատմամբ միջազգային գործընկերների վստահությանը։
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող անձանց շահերի պաշտպանությունը, փոխարենը՝ համարժեք արձագանքել և կոնկրետ քայլեր ձեռնարկել պատժամիջոցների հետևանքով երկրին պատճառված վնասը շտկելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ապրիլի 5-ին ԱՄՆ-ն որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի փոխնախագահ Իրակլի Շենգելիան և Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն: Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքի անդամների վրա։
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել՝ ի պատասխան Վրաստանի վրա Ռուսաստանի չարամիտ ազդեցության։