Իշխանությունը վստահ է, որ կհաղթահարի նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:

Ի դեպ, այսօր՝ մայիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն (մոտիվացված դիտողություններ) փոխանցվել է իրավական հարցերի հանձնաժողովին։

Պապուաշվիլին, սակայն, նախապես է հայտարարել, թե ինչ որոշում է պատրաստվում ընդունել խորհրդարանական մեծամասնությունը. «Իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այս վետոն»։

Պապուաշվիլին հավելել է, որ հանձնաժողովում քննարկելուց հետո նախագահի մոտիվացված դիտողությունները կներկայացվեն խորհրդարանի լիագումար նիստ՝ հաջորդ շաբաթ քվեարկության։

Հիշեցնենք, մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական ստանդարտին։

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։