«Վրացական երազանքը» խախտել է սահմանադրությունը՝ ձեռնարկելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը: Այս մասին ասված է եվրոպացի խորհրդարանականների հրապարակած հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Անա Ֆոտիգան, Ռասա Յուկնևիչենեն, Անդրիուս Կուբիլիուսը և Միրիամ Լեքսմանը: Նրանք կոչ են արել Վրաստանի խորհրդարանի անդամներին` չաջակցել նախագահի իմպիչմենտին։
«Մենք համարում ենք, որ Վրաստանի նախագահը` ըստ սահմանադրության, իրավունք ունի ներկայացնելու իր երկիրը արտաքին հարաբերություններում։ Առանց որևէ հստակ և ռացիոնալ հիմնավորման՝ Վրաստանի կառավարությունը այս տարվա սկզբին որոշում կայացրեց չտալ նախագահին պաշտոնական թույլտվություն՝ այցելելու 10 եվրոպական մայրաքաղաքներ և միջազգային հաստատություններ, այդ թվում՝ Եվրախորհրդարան», — նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարության մեջ նշել են, որ Վրաստանի կառավարությունն ու «Վրացական երազանքը», չնայած իրենց հայտարարություններին, իրականում չեն աջակցում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին. «Կառավարությունն ու իշխող կուսակցությունը վիժեցնում են տարեվերջին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու իրենց երկրի հնարավորությունը: Իմպիչմենտի նախաձեռնությունը «Վրացական երազանքի» լավ պատրաստված հարձակումն է Վրաստանի նախագահի վրա՝ պայմանավորված նրա ընդգծված եվրոպամետ դիրքորոշմամբ»:
Նրանք կոչ են անում խորհրդարանականներին դիմել Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների սահմանադրականությունը քննելու նպատակով։