2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ընդդիմադիր կուսակցությունները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմության մի մասն այդ պատճառով 6 ամսից ավելի խորհրդարանական գործունեություն չէր ծավալում։ Հարցը հանգուցալուծելու համար իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստեղծեց քննչական հանձնաժողով, որին ընդդիմության մի ստվար զանգված չէր վստահում։ Այս ամենի հետևանքով ամիսներ շարունակ Վրաստանում քաղաքական ճգնաժամն էր իշխում:
2021 թվականի ապրիլի 19-ին «Վրացական երազանքը» և խորհրդարանում մանդատ ունեցող ընդդիմադիր որոշ կուսակցություններ և որոշ պատգամավորներ ստորագրեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած փաստաթուղթը, այսպես կոչված՝ «Շառլ Միշելի համաձայնագիրը», որի նպատակն էր հաղթահարել Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամը` ապահովելու համար ընդդիմության մուտքը խորհրդարան, ընտրական և դատաիրավական բարեփոխումների իրականացումը, քաղաքականացված արդարադատություն ընկալվող հարցերի լուծումը և խորհրդարանում իշխանության բաշխումը:
«Շառլ Միշելի համաձայնագրի» կետերից մեկն այն էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահին և անդամներին (համալրված մոդել) պետք է խորհրդարանի ընտրությանը ներկայացներ Վրաստանի նախագահը, որ մինչ այդ ստեղծում է մրցութային հանձնաժողով և մրցույթ հայտարարում։ Ինչ վերաբերում է խորհրդարանի կողմից նրանց ընտրության կարգին և գործընթացին, ապա լիագումար նիստում ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկությունն ի սկզբանե պետք է անցկացվեր 2/3 քվորումով, այն դեպքում, երբ ԿԸՀ նախագահը չէր ընտրվի 2/3-ով, ապա նրա ընտրությանը պետք է կողմ քվեարկեր խորհրդարանի լրիվ կազմի մեծամասնությունը։
2/3 քվորումով ընտրված ԿԸՀ նախագահը պետք է պաշտոնավարեր 5 տարի ժամկետով, իսկ լրիվ կազմի մեծամասնությամբ ընտրվածը՝ 6 ամիս ժամկետով։
«Համալրված մոդելն» այն ժամանակ «Շառլ Միշելի համաձայնագրի» մաս էր կազմում և նշանակում էր համաձայնություն խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության վերաբերյալ։ Այս մոդելը նախատեսում էր, որ ԿԸՀ նախագահին և պրոֆեսիոնալ անդամներին 5 տարի ժամկետով ընտրելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի (100 մանդատ) աջակցությունը։ Վերը նշվածը, որը բխում էր խորհրդարանում մանդատների վերաբաշխումից, նշանակում էր, որ նշված անձանց ընտրելու համար անհրաժեշտ էր միջկուսակցական համաձայնություն, այսինքն՝ քաղաքական կոնսենսուս։ Եթե նման քվորում չապահովվեր, ապա այդ պաշտոններում նվազ քաղաքական աջակցություն ունեցող թեկնածուների նշանակումը կթույլատրվեր 6 ամսով։
Միաժամանակ ընդդիմադիր կուսակցություններն ակտիվորեն պահանջում էին Վրաստանի ԿԸՀ-ի այն ժամանակվա նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականը, քանի որ կարծում էին, որ Ժվանիան կառավարության հանձնարարականով զգալի ներդրում է ունեցել ընտրությունների կեղծման գործում:
Թամար Ժվանիան հրաժարական է տվել 2021 թվականի հունիսի 30-ին։ Նա Facebook-ում գրել է, որ կարող է պաշտոնավարել ավելի քան երկու տարի, բայց կարծում է, որ Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված ընտրական կարգավորումները նոր իրավիճակ են ստեղծել։ Ժվանիան ասել է, որ ԿԸՀ նախագահի նոր կարգով ընտրությունը լրացուցիչ նպաստող գործոն կլինի լայն քաղաքական կոնսենսուսի համար։
2024 թվականի փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանը 81 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները, որոնք փոխեցին ԿԸՀ նախագահի և անդամների մասնագիտական հիմունքներով ընտրակարգը։ Փոփոխություններով վերացվեց նաև ԿԸՀ փոխնախագահի պաշտոնը, որը նախատեսված է ընդդիմության ներկայացուցչի համար։
Նոր օրենքով՝ ԿԸՀ նախագահին և մասնագիտական որակավորում ունեցող անդամներին, Վրաստանի նախագահի փոխարեն, կառաջադրի խորհրդարանի նախագահը։ ԿԸՀ-ի նախագահ/անդամներ ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների 3/5-ի (90 ձայն) աջակցությունը, սակայն, եթե խորհրդարանը չկարողանա 90 ձայնով ընտրել ԿԸՀ-ի նախագահի/անդամների թեկնածուներին, խորհրդարանը հաջորդ քվեարկության ժամանակ կրկին մեծամասնությամբ (76 ձայն) կկարողանա ընտրել նրանց։ Այդ նպատակով խորհրդարանին երկու փորձի հնարավորություն է տրվում: Եթե խորհրդարանը 76 ձայնով երկու անգամ թեկնածու չընտրի, նման դեպքում ԿԸՀ նախագահին/անդամին նշանակելու լիազորությունը փոխանցվում է երկրի նախագահին։
Հատկանշական է, որ ըստ օրենքի նախագծի՝ ԿԸՀ նախագահը/անդամները կպաշտոնավարեն 5 տարի ժամկետով, եթե անգամ ընտրվեն ցածր քվորումով։
ԿԸՀ-ն ունի 17 անդամ, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը, փոխնախագահը և քարտուղարը։ 7 անդամների առաջադրում է խորհրդարանի նախագահը և նշանակում խորհրդարանը, իսկ 9 անդամների՝ ընդդիմադիր կուսակցությունները։
Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում են, որ այս փոփոխությունները միայն մեծացնում են քաղաքական ճնշումը ԿԸՀ-ի վրա և խաթարում կառույցի չեզոքությունը։ Նրանք նաև նշում են, որ այս փոփոխությունները չեն համապատասխանում Եվրահանձնաժողովի ինը պայմաններին, և որ իշխող կուսակցությունն անտեսում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, որն ակնհայտորեն դեմ է այդ փոփոխությունների ընդունմանը։
ԿԸՀ-ում ընդդիմության քվոտայով ընտրված փոխնախագահ, «Լելոյի» ներկայացուցիչ Գիորգի Սիորիձեն ասել է. «Ողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել՝ ԿԸՀ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի վերացումը, որը ողջ ընդդիմության քվոտան է, ոչ թե միայն «Լելոյինը», անընդունելի է ինչպես վրացական ընդդիմադիր կուսակցությունների, այնպես էլ եվրոպացի գործընկերների համար»:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները նաև հայտարարեցին, որ ընդդիմության կողմից ընտրված ԿԸՀ փոխնախագահն ունի նույն լիազորությունները, ինչ ԿԸՀ մյուս ընդդիմադիր անդամները` միայն մեկ տարբերությամբ. նա կարող է կատարել ԿԸՀ նախագահի պարտականությունները, եթե ԿԸՀ նախագահն ի վիճակի չլինի կատարել իրեն վերապահված պարտականությունները։
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է. «Նրանք (ընդդիմությունը) ներգրավվածություն ունեն, և դժվար թե չիմանան, որ ԿԸՀ նախագահի բացակայության դեպքում՝ նրա պարտականությունը կատարելու է իրենց կուսակիցը»:
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Եվրոպական ինտեգրման ճանապարհին ապագա առաջընթացը կախված է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի սահմանած 9 քայլերում նշված առաջարկությունների իրականացումից։ Ընտրական ուղղությամբ իրականացվելիք փոփոխությունները Վրաստանի կողմից ձեռնարկվելիք այս քայլերի մի մասն են։ Եվրամիությունն ուղղակիորեն պահանջում է ԿԸՀ-ի անկախությունը:
Վրաստանում ընտրական հարցերով աշխատող կազմակերպությունները դեմ են արտահայտվել այս օրենքի փոփոխությանը։ Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերության (ISFED) տվյալներով, 2024 թվականի փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում» և խորհրդարանի կանոնակարգում, որոնք չեն արձագանքում ընթացակարգի հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև հաշվի չեն առնում ԿԸՀ նախագահին և պրոֆեսիոնալ անդամներին ընտրելու համար ԵՄ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները։ ԿԸՀ-ի նախագահին և պրոֆեսիոնալ անդամներին լիարժեք՝ 5 տարի ժամկետով, ընտրելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի աջակցությունը, այսինքն՝ քաղաքական կոնսենսուս։ Եթե նման քվորում չապահովվի, ապա այդ պաշտոններում ցածր քաղաքական աջակցություն ունեցող թեկնածուների նշանակումը պետք է թույլատրվեր 6 ամսով։ Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի նախագահի/անդամների թեկնածուները կրկին կընտրվեն Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից և կներկայացվեն խորհրդարանին, որն էլ իր հերթին ակնհայտ մեծամասնությամբ կկարողանա թեկնածուներին ընտրել 5 տարի ժամկետով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» փետրվարի 15-ին հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ փետրվարի 9-ին խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված այս փոփոխությունները հակասում են Եվրահանձնաժողովի պահանջներին, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։ Կազմակերպությունը կոչ էր անում խորհրդարանին հրաժարվել օրենքի նախագիծն իր ներկայիս տեսքով ընդունելուց և հնարավորինս արագ մշակել ու հաստատել այնպիսի փոփոխություններ, որոնք լիովին կհամապատասխանեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։
ԿԸՀ-ի «համալրված մոդելի» ընթացակարգի խնդրահարույց բնույթը նշվել է 2023 թվականի հունիսին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի ներկայացրած միջնաժամկետ գնահատման մեջ, իսկ ավելի ուշ՝ նոյեմբերի 8-ի Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման փաստաթղթում։ Ըստ Եվրամիության գնահատականի՝ Վրաստանը պետք է ամբողջությամբ ընդունի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ կապված ԿԸՀ-ի համալրման ձևի հետ։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեցին իրենց համատեղ կարծիքները վերոնշյալ օրենքների նախագծերի վերաբերյալ՝ քննադատելով ինչպես ԿԸՀ մասնագիտական մասի համալրման հետ կապված 2023 թվականի փոփոխությունները, այնպես էլ սեպտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված նոր օրենքի նախագիծը։
2024 թվականի մարտի 5-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց խորհրդարանի ընդունած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա, որը մարտի 19-ին հաղթահարել է խորհրդարանը։
Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք ասել, որ 2024 թվականին կատարված փոփոխություններով խորհրդարանն էապես շեղվել է վերոնշյալ համաձայնագրի ոգուց։ ԿԸՀ-ի պրոֆեսիոնալ անդամներին լիարժեք ժամկետով ընտրելու համար բավարար է խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնության աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս համալրելու ԿԸՀ-ն՝ միակուսակցական որոշմամբ։
Փոփոխություններն իշխող կուսակցությանը լիարժեք վերահսկողություն են տվել թեկնածուների առաջադրման գործընթացի նկատմամբ, և դրանք թույլ են տալիս ԿԸՀ-ին ընտրել իրենց նախընտրած ԿԸՀ նախագահին և պրոֆեսիոնալ անդամներին՝ առանց ընդդիմության աջակցության: Այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնությունը հաշվի չառավ այս կարծիքները և էական փոփոխություններ չկատարեց երրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում։
ԿԸՀ նախագահի ընտրության այս մոդելը հակասում է «Ազատ և արդար ընտրությունների» 4-րդ կետին, քանի որ այնտեղ հստակ ասվում է, որ հատկապես 2024 թվականին պարտադիր է ապահովել ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթաց և ամբողջությամբ հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները: Պարտադիր է նաև ավարտին հասցնել ընտրական բարեփոխումներն ընտրությունների օրվանից շատ առաջ՝ ներառյալ ընտրողների համապատասխան ներկայացվածության ապահովումը։ Այս կետը ներառվել է նաև 2022 թվականին ընդունված 12 հանձնարարականներում։
Հետևաբար, կարելի է ասել, որ ներկայացված փոփոխությունները չեն արձագանքում ընտրական վարչակազմի առաջ ծառացած հիմնական մարտահրավերին. նվազեցնում են վստահությունն ու հակասում ընտրական վարչակազմի «համալրված մոդելի» վերաբերյալ մինչ այժմ եղած հիմնական համաձայնությանը, հակասում են իշխող կուսակցության ստանձնած պարտավորություններին և տեղական ու միջազգային իրավասու կազմակերպությունների առաջարկություններին։
Ներկայացված օրինագիծը շարունակում է իշխող կուսակցության կողմից իշխանության լիակատար կենտրոնացման միտումը՝ նրան տալով ԿԸՀ պրոֆեսիոնալ անդամների ընտրության անսահմանափակ լիազորություն։ Միաժամանակ բացառում է Վրաստանի նախագահի փաստացի մասնակցությունը ԿԸՀ-ի համալրմանը և Վրաստանի նախագահին թողնում է աննշան դեր` Սահմանադրությունը փաստացիորեն չխախտելու համար։