Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջին օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ երկու հեռախոսազրույցում էլ հաստատել է՝ իշխանությունը պատրաստ է «գործակալների օրենքի» շուրջ խորհրդակցությունների։ Այս մասին Կոբախիձեն լրագրողներին տեղեկացրել է Անկարայում։
«Մենք բացարձակապես բաց ենք այս օրենքի հետ կապված ցանկացած տեսակի խորհրդակցության համար, այդ թվում իրավական նկատառումների հարցով պատրաստ ենք ցանկացած քննարկման»,- ասել է Կոբախիձեն:
Ի դեպ, Կոբախիձեի և Միշելի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը տարածվել է մայիսի 15-ին։ ԵՄ անանուն պաշտոնյան վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ երկու զրույցի ընթացքում էլ քննարկվել է «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» վերաբերյալ հասարակության մտահոգությունների հաղթահարման հնարավոր ուղիների հարցը։
Աղբյուրի համաձայն՝ Միշելը կոչ է արել վարչապետ Կոբախիձեին շարունակել քաղաքական անհանգիստ իրավիճակից ելքի որոնումները։ Միշելն ընդգծել է, որ վրաց ժողովուրդը որոշել է, որ իր ապագան իրենից է կախված, և «համարձակ քաղաքական առաջնորդները» չպետք է խանգարեն ժողովրդին: Նրա խոսքով, Վրաստանը չպետք է վտանգի իր եվրոպական ապագան որևէ դերակատարի կարճաժամկետ քաղաքական ձեռքբերումների պատճառով։
Միշելը Կոբախիձեի ու Զուրաբիշվիլիի հետ խոսել է «գործակալների օրենքի» շուրջ