Մարտի 7-9-ի բողոքի ակցիաների մասնակից 21-ամյա Լազարե Գրիգորիադիսը,որ ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ, բանտից նամակ է հրապարակել, որը տարածել է «Մարդու իրավունքների կենտրոն»-ը (HRC)։
Նամակում Գրիգորիադիսը գրել է, որ մարտի ակցիաներին եղել է այն նույն պատճառով, որի պատճառով այնտեղ են եղել հավաքված բոլոր քաղաքացիները։ Ըստ նրա՝ ընդդիմացել է «ռուսական օրենքին», որը խնդիրներ է ստեղծել Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին.
«Մենք դեռ չենք հասել կարգավիճակի շնորհմանը, և կառավարությունը միտումնավոր սկսել է ձեռնարկել գործողություններ, որոնք կխանգարեն կարգավիճակի տրամադրմանը»,- գրել է Գիրիգորիադիսը։
Նա նշել է՝ եվրոպական ինտեգրումը, շատ փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում, դրանք սկզբում դժվար կլինեն, բայց ի վերջո կազդեն տնտեսության վրա, կբարձրացնեն չափանիշները բոլոր ոլորտներում, և կլինի ժողովրդավարություն.
Գրիգորիադիսը, դիմելով հանրությանը, հայտարարել է՝ իշխանությունը ժողովրդի ձեռքում է. «Մենք իշխանությունը տվել ենք իշխանությանը, իսկ մարտյան ցույցերը վկայում են, որ մենք կարող ենք փոխել որոշումները։ Գլխավորը միմյանց աջակցելն է։ Ռեպրեսիաները կատարվում են բոլոր կողմերից, և ինչքան շարունակվեն, այնքան ավելի վատ հետևանքներ կունենան, քանի որ դա միավորում է մարդկանց։ Գլխավորը միմյանց կողքին կանգնելն ու պայքարելն է»:
Ի դեպ, Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։