Վրաստանում եվրոպամետ ցույցերի ֆոնին իշխող «Վրացական երազանք»-ը շարունակում է կիրառել հակաեվրոպական և ոչ ժողովրդավար կառավարության մեխանիզմ:
Ցույցերի ժամանակ իշխանությունները դաժան հարձակումներ են իրականացնում խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա:
ԵՄ անդամ մի շարք երկրներ դատապարտելով խաղաղ ցուցարարների հանդեպ նման վերաբերմունքը՝ պատժամիջոցներ են կիրառել պատասխանատու անձանց նկատմամբ.
Այդ թվում են՝
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, որը դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և գերատեսչության 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
- ԱՄՆ-ն, որը ևս ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն («Խարեբա»-ի տեղակալ) Միրզա Կեզևաձեի նկատմամբ:
- Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ևս 16 անձանց նկատմամբ:
- Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան պատժամիջոցների ցանկն ընդլայնել է՝ Իրակլի Կոբախիձեի հետ ընդգրկելով ևս 13 պաշտոնյայի:
- Բալթյան երկրները (Լիտվա, Լատվիա, Էստոնիա) դեկտեմբերի 2-ին պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) տեղեկություն է տարածել, որտեղ նշված է՝ պատժամիջոցների են ենթարկվել ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ոչ լեգիտիմ կառավարության անդամներ և նրանց տեղակալները, «Վրացական երազանք»-ի պատգամավորներ, դատավորներ, քաղաքապետարանի ղեկավարներ, աջակցող գործարարներ և քարոզիչներ:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ պետությունը պատրաստ է փոխհատուցել բարձրաստիճան պաշտոնյաների «ֆինանսական կորուստները», ովքեր հայտնվել են միջազգային պատժամիջոցների թիրախում՝ մարդու հիմնարար իրավունքները խախտելու և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար։
«Եթե որևէ պաշտոնյա ֆինանսական վնաս կրի, պետությունը կփոխհատուցի»,- ասել է Կոբախիձեն դեկտեմբերի 20-ի ճեպազրույցում։
Ըստ վրացի փորձագետների՝ սրանով իշխող ուժը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է, պետությունը կանգնած չէ որևէ ֆինանսական խնդրի առջև:
Վերլուծաբանները կարծում են, որ ընդունելի չէ, երբ իշխող ուժը պատժամիջոցների վնասները «փոխհատուցելու» համար օգտագործում է պետական բյուջեն։
«Ինչպես պետական ծառայողները, այնպես էլ մասնավոր ընկերությունների աշխատակիցները իրենց աշխատավարձի 20 տոկոսը վճարում են պետությանը։ Դա եկամտային բյուջեի մի մասն է։ Հետևաբար՝ բյուջեից կատարվող ծախսերը հարկատուների գումարներն են», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին:
Նրա խոսքով՝ նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները և Ազգային բանկի պահուստները, ինչպես նաև նվազել է գնաճը (որը հավանաբար տեղի է ունեցել կիրառված պատժամիջոցների հետևանքով):
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սահմանված պատժամիջոցներն արդեն իսկ շատ կարևոր միջոց են։
«Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը «Վրացական Երազանք»-ի նկատմամբ շարունակվի: Կիրառվող պատժամիջոցները և ընտրությունների մասին զեկույցները լիովին լեգիտիմ են դարձնում նոր, արդար ընտրությունների պահանջը», -գրում է քաղաքագետը:
Մելաշվիլիի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը փորձում է համոզել, թե ամեն ինչ կարգին է՝ Վրաստանի բիզնեսին և տնտեսությանը մեծ վտանգ է սպառնում.
«Այս պահին «Վրացական երազանք»-ը փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է. Վրաստանի մեկուսացումը և միջազգային շուկաներից կտրվելը, ինչպես նաև պատժամիջոցներն ուղղակի և դաժանորեն հարվածելու են վրացական բիզնեսին։
Նրանք (իշխող ուժը.-հեղ), հավանաբար, պետք է բավականաչափ խելացի լինեն՝ սա հասկանալու համար»,-գրում է նա:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով, պատժամիջոցներն արդեն իսկ վնասել են վրաստանի տնտեսությանը, հետևաբար «Վրացական երազանք»-ը փորձում է այդ վնասները «քողարկել»՝ օգտագործելով պետական բյուջեն:
«Պատժամիջոցները ծառայում են իրենց տրամաբանական նպատակին. Եթե «Վրացական երազանք»-ը այդ գումարը ծախսելու էր այլ ոլորտում, հիմա ստիպված կծախսի այնտեղ, որտեղ վնաս է ստացել պատժամիջոցների հետևանքով»,-ընդգծում է Զաքարեիշվիլին:
Ըստ կոնֆլիկտաբանի՝ այս ամենը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ. կարող են կրճատվել աշխատավարձերը, կենսաթոշակները, կկրճատվի նաև անապահով ընտանիքների սոցիալական օգնության չափը և այլն:
«Լավ կլիներ իշխող ուժը հասկանար, որ այս պահին ստեղծված իրավիճակը սխալ կառավարման հետևանքն է. պատժամիջոցները գործածվում են՝ որպեսզի ճնշեն «Վրացական երազանք»-ին՝ փոխել կառավարման մեխանիզմները:
Ո’չ հասարակական կազմակերպությունները, ո’չ էլ վրաց ժողովուրդը չի ընդունի կառավարման նման ձևը, ինչը հստակ երևում է փողոցներում ամեն օր իրենց իրավունքների համար պայքարող ժողովրդի կամքից», — նշում է Զաքարեիշվիլին: