Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին դիսկրեդիտացնելու նպատակով իշխանական, քարոզչական հեռուստաընկերություն «POSTV»-ն հայատյաց հարցադրումներ էր արել վերջինին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել է լրագրողը:
Տվյալ հարցը մեծ աղմուկ է բարձրացրել քաղացիական հասարակության շարքում, նրանք բողոքարկում են հայատյաց մոտեցումները, հատկապես երբ սա տեղի է ունենում ընտրություններից առաջ՝ իշխանական լրատվամիջոցի կողմից: Հասարակական կազմակերպություններից PMMG-ն դիմել է Լրագրողական էթիկայի խարտիային:Ալիք Մեդիա Վրաստանը զրուցել է նաև փորձագետների, ակտիվիստների հետ:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական մշակույթն ավելի ու ավելի է նվազում։
«Գարշելի է հատկապես, երբ պետական քարոզչական ալիքները փորձում են իրենց ընտրազանգվածում առաջացնել այլատյաց, հակավրացական և հայատյաց տրամադրություններ։
Տեղի ունեցածն ամեն կերպ դատապարտելի և իրականում չի արտահայտում Վրաստանի և վրացիների՝ որպես ազգի արժեքները։ Ցավալի է և զզվելի նաև այն, որ իշխանությունը սկզբում փորձեց ուկրաինացիների ողբերգությունն օգտագործել իր քաղաքական շահերից ելնելով, իսկ այժմ փորձում է հայատյաց տրամադրություններ օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխող կուսակցությունը ոչ միայն վախենում է՝ այլև գիտի, որ կպարտվի ընտրություններում ու որպեսզի ինչ-որ կերպ կարողանա իրավիճակը փոխել, պատրաստ է կիրառել ամենակեղտոտ, ամոթալի ու պարզապես արժանապատվության հետ անհամեմատելի մեթոդներ։»,- ասում է Մելաշվիլին:
Հիշեցնենք. իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին: