
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական կտա և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«Շատ մեծ է հավանականությունը, որ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ հրաժարական կտա և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թեև բոլորը լավ գիտեն, թե իրականում ինչ վարկանիշ ունի այդ մարդը»,- interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է «Վրացական երազանքի» նախագահը:
Ըստ նրա՝ նախագահը ընտրություններից առաջ նպաստում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ամրապնդմանը:
Նշենք, որ սա Զուրաբիշվիլիի նկատմամբ իշխանության կողմից քննադատական հռետորաբանության միակ դեպքը չէ: Այս տարվա հոկտեմբերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության շարքերում եղած ժամանակ մեկ տոկոս վարկանիշ է ունեցել:
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին նախագահ է ընտրվել 2018 թվականի նախագահական ընտրություններում, նա վայելել է իշխող կուսակցության մեծ աջակցությունը: Ընտրություններում հավաքել է քվեարկողների ձայների 59,54 տոկոսը: