Իշխանությունը բռնազավթողները լեգիտիմ չեն դառնալու. փորձագետները՝ Կաումայի այցի հետաձգման մասին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի Վրաստան այցի հետաձգումը ճիշտ որոշում էր. «Վրացական երազանք»-ը նրա այցն օգտագործելու էր իր լսարանին հերթական մանիպուլացիան հրամցնելու և «լեգիտիմության» պատրանք ստեղծելու համար, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրացի որոշ փորձագետներ:

Ըստ փորձագետների, Կաումայի այցի հետաձգումը փաստում է՝ իշխանությունը բռնազավթողները լեգիտիմություն չեն ստանա. ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ կեղծված ընտրությունների լեգիտիմություն չի լինելու:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ինքնին վատ չէ, երբ ԵԱՀԿ-ից կամ Եվրամիությունից նման բարձրաստիճան պաշտոնյա է ցանկանում այցելել Վրաստան, բանն այն է, որ «Վրացական երազանք»-ը նման այցերն օգտագործում է հերթական պրոպագանդայի համար:

Ըստ Զաքարեիշվիլիի՝ «Վրացական երազանք»-ն այժմ լեգիտիմացված չլինելու շատ լուրջ խնդրի է բախվել. ամենուրեք փորձում է իր լեգիտիմությունը հաստատող հայտարարություններ լսել, որը, ցավոք, չկա: Փորձագետը պնդեց՝ նման բարձրաստիճան դիվանագետի այցը Վրաստան հենց այդ համատեքստում էր բացասական լինելու:

««Վրացական երազանք»-ը Կաումայի հետ քննարկելու էր ո՛չ թե երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերը կամ նոր ընտրությունների անհրաժեշտությունը, այլ նրա հետ հանդիպումն օգտագործելու էր իբրև իշխանության և ընտրությունների լեգիտիմացում, ինչն, իհարկե, այդպես չէ: Սա հասկացավ նաև Կաուման և հետաձգեց այցը, քանի որ Արևմուտքում այս իշխանության լեգիտիմությունը չեն ճանաչում», — ասաց Զաքարեիշվիլին:

«Ռոնդելի հիմնադրամ»-ի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին ևս դրական գնահատեց այցի հետաձգումը։ Ըստ նրա` Կաումայի այցը կարող էր տարաբնույթ շահարկումների առիթ դառնալ: Նրա խոսքով, վերջին շրջանում նկատվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են այցելել Վրաստան, որպեսզի այցը չհամարվի քաղաքական հարաբերությունների պահպանում. Վրաստանի արևմտյան գործընկերները նոր իրավիճակ են ստեղծում, որով փորձում են մանևրել քաղաքական հարաբերություններում:

«Այդ պատճառով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը այլ կոնտեքստում էր ներկայացվելու: Չնայած, վստահ եմ՝ այցի նպատակը բոլորովին այլ ու դրական էր լինելու: Նա, հավանաբար, ցանկանում էր այցելել ու տեղում ծանոթանալ փաստերին, դիտողություններին»:

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների, 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշիլիի, Եվրախորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների կոչերից հետո Կաուման հայտարարեց՝ հետաձգել է հունվարի 8-10-ը նախատեսված այցը Վրաստան։ Ավելի ուշ, երբ Կաուման հայտարարեց այցի հետաձգման մասին, նրանք ողջունեցին այս որոշումը:

«Քննարկումներից և երկար մտածելուց հետո որոշեցի հետաձգել իմ այցը Վրաստան մինչև այն պահը, երբ առավել արդյունավետ կլինի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը», —  X-ում գրել է նա։

Կաումային այս փուլում Թբիլիսի այցը չեղարկելու կոչ էր արել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնը: Ուիլսոնի խոսքով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը «Իվանիշվիլիի ռեժիմը ​​կօգտագործի որպես իշխանության ավտորիտար բռնազավթումը լեգիտիմացնելու» փորձ։