Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացված իշխանության և ընդդիմության հանդիպումը:
Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նա հպարտ է, որովհետև ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել: Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվել են, սակայն կարևոր է, որ բոլոր կուսակցությունները կողմ են քաղաքական երկխոսության ուժեղացմանը:
Հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով նշեց, որ քննարկումներ է անցկացնելու իշխող կուսակցության քաղխորհրդի հետ և ձևավորելու է վերջնական դիրքորոշում հետագա քայլերի վերաբերյալ: Վարչապետի խոսքով, Շառլ Միշելը կոչ է արել կողմերին հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասնել համաձայնության՝ ի բարօրրություն երկրի և ժողովրդի:
Ընդդիմության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեի խոսքով՝ հանդիպմանը մշակվել է 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որի շուրջ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է կողմերը քննարկումներ ունենան և հասնեն համաձայնության: Վերջինիս խոսքով՝ փաստաթղթում խոսքը գնում է նաև Նիկա Մելիայի և Գիորգի Ռուռուայի ազատ արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: