Վերջին ամսվա ընթացքում մի շարք երկրներ` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ներառյալ, պատժամիջոցներ սահմանեցին Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ գանձարանային դեպարտամենտը Վրաստանում ժողովրդավարության խախտման համար պատժամիջոցներ սահմանեց Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ըստ որի` ԱՄՆ-ում նրա ողջ սեփականությունը կարգելափակվի (կամ` կսառեցվի):
Պատժամիջոցների սահմանումն սկսվել էր դեռևս 2023 թվականից, երբ առաջին անգամ նախաձեռնվեց «գործակալների օրենքը»։
Միջազգային պատժամիջոցները (սանկցիաները) օգտագործվում են ճնշում գործադրելու և մեղավորներին պատժելու նպատակով։ Քաղաքական պատժամիջոցները ներառում են դիվանագիտական հարաբերությունների խզում, ՄԱԿ-ի անդամակցության կասեցում, ՄԱԿ-ից կամ այլ միջազգային կազմակերպություններից հեռացում։ Տնտեսական կամ առևտրային պատժամիջոցները ենթադրում են տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների ամբողջական խզում կամ ապրանքների ներմուծման ու արտահանման ընտրովի էմբարգո։
2023 թվական
2023 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնեց 4 վրացի դատավորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության հիմքով։ Այդ դատավորներն են Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և պատժամիջոցների կիրառման պահին նախկին դատավոր Վալերիան Ցերցվաձեն: Պատժամիջոցների ենթարկված անձանց և նրանց ընտանիքների անդամներին արգելվեց մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը պարզաբանեց, որ նշյալ անձինք, ըստ «հավաստի աղբյուրների», չարաշահել էին հասարակական դիրքը։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ հորդորում է վրացական իշխանություններին՝ բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։ Նշենք, որ ԵՄ սահմանած պայմաններից մեկն էր դատական և դատախազական ինստիտուտների լիարժեք անկախությունը, հաշվետվողականությունը և անաչառությունը. սա հատկապես վերաբերում է Արդարադատության բարձրագույն խորհրդին, որը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին և Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին։
Նույն թվականի սեպտեմբերին Օթար Փարցխալաձեի հանդեպ նույնպես սահմանվեց պատժամիջոցներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի հետ կապ ունեցող Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ։
Սրա մասին հայտնեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Վիզային սահմանափակումներ
2023 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` Վրաստանի պետական պաշտոնյաների և այլ անձանց դեմ կիրառվելու էին պատժամիջոցներ։
Սանկցիաների ենթարկվեցին ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին (Խարեբա) և նրա տեղակալներից մեկը՝ Միլերի Լագազաուրին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ խաղաղ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտման համար, սանկցիա սահմանվեց նաև «Ալտ-ինֆո» կուսակցության 2 անդամի դեմ։ 4-ն էլ ներառված են գլոբալ «Մագնիտսկու ցուցակի» մեջ։
Մագնիտսկու ակտը լիազորում է ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել ամբողջ աշխարհում այն օտարերկրյա պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրավախախտներ են՝ սառեցնել նրանց ակտիվները և արգելել նրանց մուտքն ԱՄՆ։ Վիզային սահմանափակումներ կիրառվեցին մոտավորապես 60 պետական և քաղաքական պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։
«Գործակալների օրենքից» հետո. հունիս
Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ` հակաարևմտյան «Գործակալների օրենքը» ետ կանչելու անհետևանք կոչերից հետո։
2024 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ը հայտարարեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
2024 թվականի դեկտեմբեր
Դեկտեմբերի 2-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան վիզային պատժամիջոցներ կիրառեցին 11 անձի՝ Բիձինա Իվանիշվիլիի և ՆԳՆ 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա համախոհների դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին կարգադրություն։
Ըստ Զելենսկիի` պատժամիջոցներն ուղղված են 19 մարդու դեմ, որոնք «Վրաստանը հանձնում են Պուտինին», և որոնց պատճառով երկրում բողոքի ցույցեր են ընթանում։
Զելենսկին կոչ արեց Եվրոպային, Ամերիկային և ողջ աշխարհին գործել նույն կերպ։
Լիտվան դեկտեմբերի 15-ին նաև անձնական պատժամիջոցներ կիրառեց 17 անձի նկատմամբ։ Նրանց թվում են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները և նրանց մերձավոր անձինք՝ Իրակլի Կոբախիձեն, Գրիգոլ Լիլուաշվիլին, Կախա Կալաձեն, Մամուկա Մդինարաձեն և այլք։
Այս տարվա դեկտեմբեր ամսվա շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին վերջին` պատժամիջոցները կիրառելուց մոտ մեկ տարի անց, ԱՄՆ-ը հայտարարեց Վրաստանի 20 քաղաքացու, այդ թվում` «Վրացական երազանք» կուսակցության անդամների հանդեպ վիզային սահմանափակումներ կիրառելու մասին՝ ժողովրդավարության խախտման համար։
Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք»-ի բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ բողոքի ցույցերի մասնակիցների, ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ։
Ըստ Պետդեպարտամենտի՝ «Վրացական երազանք»-ը երես է թեքել Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածով։
Նույն ամսվա 16-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և գործակալության չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Ըստ բրիտանական կառավարության՝ նրանք պատժամիջոցների են ենթարկվել, քանի որ պատասխանատու են լրագրողների և խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման համար։
Պատժամիջոցների են ենթարկվել՝
- Վախթանգ Գոմելաուրին — ներքին գործերի նախարար,
- Ալեքսանդր Դարախվելիձեն — ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ,
- Սուլխան Թամազաշվիլին — Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն,
- Զվիադ Խարազիշվիլին (Խարեբա) — Հատուկ հանձնարարությունների վարչության պետ,
- Միլլերի Լագազաուրին — Հատուկ հանձնարարությունների վարչության պետի տեղակալ
Նշված է, որ պատժամիջոցները ներառում են Միացյալ Թագավորություն մեկնելու արգելքներ և անշարժ գույքի սառեցում։
Նույն օրը ԱՄՆ-ը նույնպես սահմանեց պատժամիջոցներ Միացյալ Թագավորության հետ համաձայնեցված։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի (Խարեբա) տեղակալ Միրզա Կեզևաձեն ներառվեցին «Մագնիտսկու համաշխարհային ցուցակում», ինչը ենթադրում է, որ նրանց պատկանող ցանկացած գույք, որը ԱՄՆ-ում կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ է գտնվում՝ կարգելափակվի։