Իշխանամետ ՀԸ-ից հեռացված լրագրողը բողոքել է տնօրենի դեմ

Վրաստանի իշխանամետ համարվող POSTV հեռուստաընկերությունից (ՀԸ) հեռացված լրագրող Սոփիկո Կաճարավան հեռուստաընկերության տնօրեն Շալվա Ռամիշվիլիի դեմ «Լրագրողական էթիկայի խարտիա»-ում բողոք է ներկայացրել:

Աշխատանքից հեռացված լրագրողի բողոքը խարտիայի քարտուղարության կողմից ընդունելի է ճանաչվել և կքննարկվի դռնբաց նիստում։

«Լրագրողական էթիկայի խարտիայի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ըստ լրագրողի՝ ինքն աշխատանքից ազատվել է քննադատական ​​կարծիքի պատճառով։ Կաճարավան պնդել է, որ տնօրենի համար անընդունելի էր այլ դիրքորոշում ունենալ ոչ միայն լրագրողական գործունեության մեջ, այլև դրանից դուրս։

Ըստ հայտարարության՝ դիմումատուն վիճարկում է կանոնադրության երկրորդ սկզբունքի խախտումը, այն է՝ չի կարելի մասնագիտական ​​գործունեության ընթացքում լրագրողին ստիպել գործել կամ կարծիք հայտնել իր խղճի դեմ։ Խարտիայի խորհուրդը դիմումը կքննարկի դռնբաց նիստում և կորոշի՝ խախտվել է կանոնադրության սկզբունքը, թե՝ ոչ։

Ի դեպ, մարտի 17-ին Կաճարավան ֆեյսբուքյան իր անձնական էջում տեղադրել է POSTV-ից հեռանալու մասին հայտարարությունը։ Լրագրողը հայտարարել էր, որ իր և հեռուստաընկերության համագործակցությունն ավարտվել է մարտի 7-9-ի գործողություններից («Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաներ, խմբ․) հետո։ Լրագրողը նշել էր, որ մարտի 17-ին իրեն հեռացրել են ալիքից՝ խտրական հիմքերով, մասնավորապես՝ իր քաղաքական հայացքների պատճառով։