«Շաբաթիս ֆորմուլան»-ն աուդիոձայնագրություն է հրապարակել, ըստ որի` տեսանելի է, թե ինչպես է իշխանամետ համարվող POSTV-ի ղեկավար Շալվա Ռամիշվիլին սեռական ոտնձգություններ կատարում Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ աուդիոձայնագրությունը 2018 թվականին է արվել POSTV-ի գրասենյակում՝ Ռամիշվիլիի առանձնասենյակում, որտեղ Գաչեչիլաձեն կանչվել է հաղորդում պատրաստելու։ Ձայնագրությունը տևում է 2 ժամ, սակայն «դժվար լսելի դրվագների» պատճառով «Ֆորմուլա»-ն նշել է, որ ամբողջությամբ չի բացահայտի, թեև պատրաստակամություն է հայտնել ձայնագրությունը հանձնել իրավապահ մարմիններին։
Ըստ «Ֆորմուլա»-ի՝ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ռամիշվիլին մոտենում է Գաչեչիլաձեին ու փորձում հպվել նրան։ Գաչեչիլաձեն այդ զրույցի պահին 22 տարեկան էր, իսկ Ռամիշվիլին՝ 47:
Գաչեչիլաձեն «Ֆորմուլա»-ի հարցին ի պատասխան հաստատել է ձայնագրության իսկությունը և հայտնել, որ ձայնագրությունն ինքն է արել 5 տարի առաջ, որտեղ կա և՛ հոգեբանական բռնություն, և՛ սեռական ոտնձգություն։
Ռամիշվիլին «Ֆորմուլայի» հետ զրույցում հերքել է Գաչեչիլաձեի հետ ծանոթությունը:
Ի դեպ, անցած շաբաթվա ընթացքում չորս կին հրապարակավ հայտարարել են, որ տարբեր ժամանակներում եղել են իշխանական POSTV-ի հիմնադիր և «Ժողովրդի ուժը» շարժման ջատագով Շալվա Ռամիշվիլիի սեռական բռնության թիրախ։
Առաջին պատմությունը հրապարակել է լրագրող Մակո Ջաբուան: Դրանից հետո Գվանցա Բուդաղաշվիլին և Անանո Իաշվիլին նույնպես հրապարակային հայտարարություններ են արել։
Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռամիշվիլին մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ: 2018 թվականին հաստատվել է Թաթիա Սամխարաձեի հանդեպ սեքսուալ ոտնձգության փաստը, և Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռամիշվիլիին պարտավորեցրել է վճարել 2 հազար լարի տուգանք։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քաղաքային դատարանի որոշումը։