Վրաստանի իշխանական լրատվամիջոց համարվող «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Քեթի Փարցխալաձեն քննադատել է խորհրդարան ներկայացված «ռուսական օրենքի» նախագծի հեղինակներին։
Լրագրողն ասել է, որ դրանք հակասում են դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտումներին, Եվրամիության նորմերին ու արժեքներին, ինչը պետք է հաշվի առնել:
«Եթե Ամերիկան ասում է ձեզ` մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում խոսքի ազատության և ժողովրդավարության վրա դրա հնարավոր հետևանքներով, և նույնիսկ բազմաթիվ մարդիկ հենց երկրի ներսում են մտահոգություն հայտնում, չնայած իրենց ուղղակիորեն չի «վնասում» այդ օրենքը, ապա նման կրքերը եթե էլ ավելի բորբոքվեն, իշխանությունը կմնա մեկուսացման մեջ. ինչպե՞ս այս ամենը չի «կշռում» իշխանությունը: «Եվրոպան մեզ խնդրում է Միշային էլ ազատել, ազատե՞նք» պատճառաբանությունը չի ընդունվելու», — ասել է Փարցխալաձեն:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: