Վերջին օրերին Վրաստանի քաղհասարակությունը, ԶԼՄ-ներն ու մի շարք հասարակական կազմակերպություններ քննարկում են իշխանամետ համարվող POSTV-ի լրագրողների կողմից նախկին հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի դեմ ձեռնարկած գործողությունները:
Մարտի 24-ին POSTV-ն հայտնել էր, որ Սամխարաձեն գտնվում է քաղաքական գործիչներից մեկին պատկանող բնակարանում, և հնարավոր է` Սամխարաձեին զրկել են ազատությունից, ինչի պատճառով էլ POSTV-ի լրագրողը դիմել է ոստիկանություն։ Հաջորդ օրերին և նույնիսկ այսօր հեռուստաընկերության լրագրողներն ակտիվորեն տեղեկություններ են տարածել Սամխարաձեին ֆիզիկական վնաս պատճառելու մասին և փորձում են վարկաբեկել նրան։
Ընգդծենք՝ 2016 թվականին Սամխարաձեն իր նախկին գործատուին՝ POSTV-ի հիմնադիր և հաղորդումներից մեկի հաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղադրել էր սեռական ոտնձգությունների համար և դիմել դատարան։ 2018 թվականի հունվարի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Սամխարաձեի հայցը բավարարվել է, և Ռամիշվիլիին պարտավորեցրել են որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 2 000 լարի։ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ են թողել Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ու Վրաստանի Գերագույն դատարանը։ Այդ կապակցությամբ այս տարվա մարտի 20-ին Սամխարաձեն սոցցանցում հրապարակել էր գրառում, որտեղ ևս մեկ անգամ ընդգծել էր Ռամիշվիլիի կողմից սեռական ոտնձգությունների և բռնությունների հետևանքները։ Հենց այս գրառումից հետո սկսվեցին POSTV-ի սադրիչ գործողություններն ու թիրախավորված հարձակումը Սամխարաձեի վրա։
Հարկ է նշել, որ մարտի 20-ին սոցցանցում Սամխարաձեի գրառումից հետո 6 կանայք տեղեկություններ են տարածել տարբեր ժամանակներում Ռամիշվիլիի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Մասնավորապես, նույն օրը լրագրող Մակո Ջաբուան տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Ռամիշվիլին, որ եկել էր իր հետ հարցազրույցի, Ջաբուային սեռական բնույթի հարցեր է տվել և մի պահ նույնիսկ փորձել է մերկացնել նրան։
Ռամիշվիլիի կողմից սեռական ոտնձգությունների մասին է խոսել նաև լրագրող Գվանցա Բուդաղաշվիլին, որը նաև մատնանշել է՝ Ռամիշվիլիի հետ հարցազրույցի ժամանակ, գործնական հարցերի փոխարեն պետք է պատասխաներ սեքսուալ բովանդակության հարցերի, իսկ հարցազրույցից դուրս գալուց հետո Ռամիշվիլին նրան սոցիալական ցանցում տարբեր բովանդակության հաղորդագրություններ է ուղարկել:
Ռամիշվիլիի կողմից սեռական ոտնձգությունների մասին է խոսել նաև Անանիա Գաչեչիլաձեն, իսկ ավելի ուշ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հրապարակել է համապատասխան ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Ռամիշվիլին դիմում Գաչեչիլաձեին սեռական և անպարկեշտ արտահայտություններով։ Դրան զուգահեռ, նույն ժամանակահատվածում տարածվել են ևս երեք կանանց պատմությունները, որտեղ խոսվում է հարցազրույցի ընթացքում Ռամիշվիլիի կողմից հնարավոր սեռական ոտնձգությունների մասին։
Ի դեպ, Սամխարաձեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և օգնություն խնդրել նրանից:
«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ն արձագանքել է POSTV-ի լրագրողների կողմից Սամխարաձեի դեմ իրականացված գործողություններին և կոչ արել Վրաստանի ներքին գործերի նախագարարությանը` անհապաղ հետաքննություն սկսել հնարավոր հանցագործությունների (կեղծ գաղտնալսում/հետապնդում) վերաբերյալ։
Ի դեպ, Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է Ռամիշվիլիի կողմից մի քանի կանանց նկատմամբ հնարավոր սեռական ոտնձգությունների մասին հրապարակված փաստերին և իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել ենթադրյալ բռնության զոհերի դեպքերը, եթե նրանք ցանկանան:
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական ոտնձգությունների կամ այլ տեսակի իրավունքների ոտնահարման են ենթարկվել։