Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններից առաջ գնել է Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի բնակիչների ձայները՝ վերցնելով նրանց անձնագրերը ստիպել է քվեարկել իշխող թիմի օգտին:
Այս մասին պարզել է TV Pirveli հեռուստաընկերության ««Վրացական երազանք»-ի ձայները դատարկ գյուղեր»-ում լրագրողական հետաքննությունը: Հետաքննող լրագրողները ներկայացել են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ, որպեսզի բնակիչները չվախենան և խոսեն:
Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Նինոծմինդայի Ասպարա գյուղը, որտեղ մարդ չի ապրում, սակայն հաշվառված է 41 բնակիչ, ընտրությունների օրը քվեարկել է 27 քաղաքացի, նրանցից 25-ը՝ «Վրացական երազանք»-ի օգտին:
Այլ գյուղերի բնակիչներից ոմանք TV Pirveli-ին պատմել են, որ ընտրություններից առաջ գյուղապետը կամ այլ պաշտոնատար անձ առգրավել է իրենց անձնագրերը, ոմանց՝ 100-150 լարիի չափով գումար են տվել, բնակիչներից ոմանք էլ ասել են՝ երկու տեղ են քվեարկել: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիներին ավտոմեքենաներով ընտրատեղամաս են տարել՝ ստիպողաբար քվեարկությանը մասնակցելու համար:
Կադրերում ակներև է, որ վերոնշյալ բնակիչների մեծ մասը սոցիալապես վատ վիճակում է, ոմանք տարեց են, չեն տիրապետում պետական լեզվին, տեղեկատվության բացակայություն կա, անգիտակցաբար են գնացել այդ քայլին:
Հիշեցնենք. հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը տոկոսային առումով ամենաշատ ձայները ստացել էր հենց էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում. Ախալքալաքում՝ 87.792 տոկոս, Նինոծմինդայում՝ 88.191 տոկոս, Մառնուլիում՝ 79.601 տոկոս և այլն (տվյալներն ամբողջությամբ՝ 1-ին և 2-րդ հղմամբ):