ISFED-ն ընտրախախտումների հարյուրավոր դեպքեր է արձանագրել

Վրաստանյան դիտորդական առաքելություն իրականացնող «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 490 միջադեպ ու խախտում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Վրաստանից դուրս բացված ընտրատեղամասերում։

«Արդար ընտրություններ» կազմակերպությունը խոսում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում և ընտրությունների օրը հայտնաբերված խախտումների մասին` նշելով, որ խախտումների ամբողջությունն ազդել է ընտրողների ազատ կամքի ազդեցության վրա։

Արձանագրված միջադեպերից 297-ը խախտումներ են Վրաստանի տարածքում բացված ընտրատեղամասերում, 167-ը՝ ընտրատեղամասերից դուրս, 26-ը՝ արտերկրում բացված ընտրատեղամասերում։

ISFED-ի պնդմամբ՝ քվեարկության գաղտնիության չպահպանումը եղել է այս ընտրությունների կենտրոնական և լայնածավալ խնդիրներից մեկը։

«2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում և ընտրությունների օրը բացահայտված հիմնարար խախտումների ամբողջությունն ազդել է ընտրողների ազատ կամարտահայտման վրա, և, հետևաբար, ընտրությունների արդյունքները չեն կարող դիտվել որպես վրաց ժողովրդի կամքի արտահայտում»,- հայտարարել է «Արդար ընտրությունները»:

Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը հայտարարել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես կեղծված, չեն ճանաչում դրանք, նոր ընտրություններ են պահանջում, որոնք կանցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։

Հիշեցնենք՝ այս ընտրություններում երկրի քաղաքացիների 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգերի միջոցով։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը շարունակում է իշխանության ղեկին մնալ չորրորդ ժամկետով։

Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստով։ Նախագահն այս գործով հրավիրվել է հարցաքննության։