Վրաստանում գործող «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունը (ISFED) կոչ է անում խորհրդարանին` կատարել օրենքի պահանջները և ժամանակին լրացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափուր պաշտոնները։
Օգոստոսի 5-ին Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիր մարմնին է ներկայացրել ԿԸՀ նախագահի և ԿԸՀ մեկ անդամի պաշտոնում ընտրվելիք անձանց, իսկ մնացած մեկ անդամի թափուր պաշտոնի համար ի սկզբանե մրցույթ է հայտարարվել։ Օգոստոսի 26-ին նախագահը ներկայացրել է երրորդ մանդատի թեկնածուներին։
Ըստ ISFED-ի՝ խորհրդարանը ԿԸՀ-ում նշանակվող անձանց ընտրում է, որպես կանոն, համապատասխան թեկնածությունը ներկայացնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, եթե Վրաստանի օրենսդրական ակտով այլ բան նախատեսված չէ։
Ըստ այդմ, կազմակերպությունը հիշեցնում է, որ օգոստոսի 5-ից անցել է սահմանված երկշաբաթյա ժամկետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և երկու անդամների լիազորությունների ժամկետն ավարտվել է այս տարվա օգոստոսին։