Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը, որը հետևել է խորհրդարանական ընտրություններին և ձայների զուգահեռ հաշվարկ է կատարել, չի հրապարակի ընտրությունների արդյունքներին զուգահեռ հաշվարկի տվյալները։
ISFED-ը նշել է՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում և ընտրությունների օրը բացահայտված հիմնարար բնույթի խախտումների ամբողջությունն ազդել է ընտրողների ազատ կամքի դրսևորման վրա, հետևաբար` ընտրությունների արդյունքները չեն կարող դիտվել որպես Վրաստանի ընտրողների կամքի արտահայտություն։
««Արդար ընտրություններ»-ը` կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, չի հրապարակի ընտրությունների արդյունքում տրված ձայների զուգահեռ հաշվարկի տվյալները, քանի որ դրանք չեն կարող օգտագործվել որպես 2024 թվականի ընտրական գործընթացի վավերականության չափանիշ»,- ասված է ISFED-ի տարածած հայտարարության մեջ։
Այսպիսով, վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:
- «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։