Թբիլիսահայ երգչուհի Իռու Խեչանովը Վրաստանյան «Voice» նախագծի եզրափակիչ փուլում է, որը կկայանա վաղը՝ փետրվարի 2-ին։
«Voice» նախագիծը հաղթելու դեպքում երգչուհին կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Նախագծի շրջանակներում գրանցած իր հաջողությունների մասին Իռու Խեչանովը նշում է, որ մեծ է իր աջակիցների դերը՝ հատկապես Թբիլիսաբնակ հայերի կողմից։
Իր հաջողությունների մասին խոսելով Խեչանովը նշում է, որ իր երգչուհու ուղին սկսել է դեռ մանկուց, առաջին մասշտաբային նախագիծը 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական եվրատեսիլն» էր․
«Երբ փոքր էի, հեռուսատցույցով երաժշտական համարներ, գովազդներ լսելիս կրկնում էի։ Այդտեղից իմ ընտանիքի անդամները նկատեցին, որ սեր ունեմ դեպի երաժշտությունն ու տարան երգի դասերի։ Առաջին մրցույթը, որում հաղթեցի «Անաբանա» էր կոչվում։ Հետո արդեն որպես երաժշտական «Candy group» խմբի մասնակից և կատարող մասնակցեցի «Մանկական եվրատեսիլին»։
«Եվրատեսիլի» մասին մեծ հուզմունքով է խոսում երգչուհին, նշում է՝ «երբ հաղթեցի մանկական «Եվրատեսիլում», նպատակ դրեցի մասնակցել մեծերի եվրատեսիլին».
««Մանկական Եվրատեսիլ» մրցույթը շատ մեծ նշանակություն ուներ ինձ համար։ Այն իր մեծ դերն է ունեցել իմ կարիերայի առաջխաղացման գործում։ Այնտեղ ինձ դուր էր գալիս ամեն ինչ, օրվա մեջ 6-7 ժամ երգում էինք: Այնտեղ դու ուշադրության կենտրոնում ես, շփվում ես նման հետաքրքրություններով անձանց հետ, ինչպիսին դու ես, վայելում ես հանդիսատեսի սերը։ Այնտեղ ավելի համոզվեցի, որ երգի ոլորտն իմն է, ու որոշեցի վերադառնալ եվրատեսիլ, բայց արդեն մեծերի եվրատեսիլ, հուսով եմ ու աշխատում եմ ամեն գնով հասնել նպատակիս», — պատմում է Խեչանովը։
Խեչանովն ընդգծում է, որ նրա հաջողության բանալին, ոչ միայն երգի հանդեպ սերը, տաղանդն ու աշխատանքն է, այլև հանդիսատեսի սերը, որը նրան ստիպում է էլ ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս գործին․
«Չէի հասնի այս հաջողությանը, եթե չլինեին այդքան մոտիվացնող, ոգեշնչող ու առաջ մղող մեկնաբանություններ հանդիսատեսի կողմից, երբ անգամ անծանոթ մարդիկ գրում են, հայտնում իրենց աջակցությունը, ասում որ քվեարկել են և մյուսներին ևս ասել որ քվեարկեն։
Հանդիսատեսի և մոտ մարդկանց աջակցության վերաբերյալ խոսելով չեմ կարող չառանձնացնել հայերին, մասնավորապես Թբիլիսիի հայերին, ովքեր աջակցում են ինձ»։
Խեչանովի սպասելիքները մեծ են, քանի որ վերջինիս խոսքով իր աջակիցները մեծ հույսեր են կապել իր հետ, սակայն այնուամենայնիվ հաղթողին կորոշի հանդիսատեսը, ամենաշատ քվեներ ունեցող մասնակիցը կներկայացնի Վրաստանը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում և հետևում են ինձ, և խնդրում այս որոշիչ պահին, քվեարկեն իմ օգտին՝ զանգահարելով 0 903 300 333 համարով», — կոչ է անում Խեչանովը։