«Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Իրմա Ինաշվիլին ամերիկյան հեղինակավոր NDI և IRI հասարակական կազմակերպությունների մասին կոշտ հայտարարություն է արել: Նա այս կազմակերպությունների գործունեությունն ահաբեկչություն է որակել՝ մեղադրելով հակապետական գործողությունների մեջ: Բացի այդ, Ինաշվիլին պահանջում է հետաքննություն սկսել NDI-ի տնօրենի դեմ:
«NDI-ի այս հետազոտություններն ուղիղ վտանգ են ներկայացնում մեր պետության համար, սա արդեն պետական անվտանգության համար լուրջ խնդիր է: Բոլորի համար հայտնի է, թե ինչ է ահաբեկչությունը: Ահաբեկչության տեսակները տարբեր են: Ուղիղ կարող եմ ասել, որ այն, ինչ անում են NDI-ի ու IRI-ի Թբիլիսիի գրասենյակների ղեկավարները վրացական կազմակերպությունների հետ, ահաբեկչության տեսակ է: Սրա դեմ պետք է պայքարենք բոլորս միասին»,- հրավիրած հատուկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Ինաշվիլին:
«Կարծում եմ՝ NDI-ի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար տիկին Լորա Թորնտոնը ֆինանսապես հետաքրքրված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդների կողմից: Սա կոռուպցիա է դասական հասկացությամբ․ նա գումար է ստանում այս հետազոտություններն անցկացնելու ու արդյունքները տարածելու դիմաց: Քանի որ նման կասկած ունեմ, պահանջում եմ, որ իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն»,- հայտարարել է Ինաշվիլին: