Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) սկսում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը։
Ըստ IRI-ի՝ ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում 20 երկարաժամկետ դիտորդներ կգործեն ողջ երկրի ընտրատարածքներում՝ հիմնվելով ընտրական և քաղաքական դերակատարների և միջազգային հանրության հետ երկարամյա հարաբերությունների վրա:
Ըստ IRI-ի՝ ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերը բաց են երկրում միջազգային դիտորդական առաքելության ներկայության համար։
«Դիտորդներն իրենց գործունեությունը կսկսեն նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Սա թույլ կտա առաքելությանը ավելի լավ հասկանալ այս ընտրությունների ենթատեքստը, իսկ քաղաքական ու ընտրական գործընթացներում ներգրավված կուսակցությունների հետ համատեղ ջանքերով կկարողանան աջակցել ներառական և թափանցիկ ընտրական գործընթացին», — ասել է IRI-ի Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:
Նրա խոսքով, այս ընտրությունները վճռորոշ են լինելու վրացական ժողովրդավարության համար։ Թափանցիկ և հուսալի ընտրական գործընթացի անհրաժեշտությունը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա ընտրության բազմազանության, այն 9 վերապահումներից մեկն է, որը Եվրամիությունը ներկայացրել է Վրաստանին` 2023 թվականի վերջին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո։
«Վրաստանի կառավարությունը հնարավորություն ունի առաջնահերթություն տալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների թափանցիկությանը և ապահովելու, որ Վրաստանն անցկացնի հուսալի ընտրություններ՝ զերծ բոլոր տեսակի ճնշումներից և ֆիզիկական խոչընդոտներից։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս ընտրությունները փորձություն կլինեն Վրաստանի դեմոկրատական ուղու համար»,- ասել է Նիքսը։
Ըստ IRI-ի՝ դիտորդական առաքելությունն իրականացվելու է միջազգային դիտորդական սկզբունքների մասին հռչակագրի և միջազգային դիտորդների վարքագծի կանոնների համաձայն:
Իրենց իսկ հայտարարության համաձայն՝ դիտարկման արդյունքում տրված առաջարկություններն ու եզրակացությունները հիմնված կլինեն Վրաստանի օրենսդրության, միջազգային չափանիշների և քաղաքական կուսակցությունների կողմից վարքագծի կանոնագրքում ճանաչված պարտավորությունների վրա։