Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հայտնում է, որ կազմակերպության կարճաժամկետ դիտորդների խումբը կհետևի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրություններին։
Առաքելությունը ղեկավարում են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջոն Շիմկուսը, Շվեդիայի խորհրդարանի անդամ Մարգարետա Զոդերֆելդը և IRI-ի նախագահ Դեն Թվինինգը։
«Կարճաժամկետ դիտորդները կվերահսկեն ընտրությունների օրը, ներառյալ ընտրատեղամասերի բացումը, քվեարկությունը և ձայների հաշվարկը ողջ երկրում: Նրանց աշխատանքը կամրապնդի երկարաժամկետ դիտորդների ջանքերը, ովքեր Վրաստան ժամանելուց ի վեր ակտիվորեն աշխատում են ընտրություններում ներգրավված կողմերի, ընտրական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է IRI-ը։
Կազմակերպությունը Վրաստանում կունենա ընդհանուր առմամբ 48 դիտորդ։ Դրանցից 28-ը՝ կարճաժամկետ, իսկ 20-ը՝ երկարաժամկետ։
«Կարճաժամկետ դիտորդների ժամանումը ավելի կուժեղացնի առաքելության կարողությունը՝ դիտարկելու այս կարևոր ընտրությունների հիմնական փուլերը», — ասել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջոն Շիմկուսը:
IRI-ի դիտորդական առաքելությունն աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ՝ Ընտրությունների և քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիումի (CEPPS) շրջանակներում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
Խորհրդարանական ընտրությունների համար արգելվում է կուսակցություններին միավորել դաշինքների մեջ, նրանց համար ընտրություններին միասին մասնակցելու միակ ճանապարհը միասնական ընտրական ցուցակի ստեղծումն է։ Ընտրացուցակում կարող է հայտնվել միայն ընտրություններին մասնակցող կուսակցության անդամը կամ անկուսակցական գործիչը։