
Մի քանի օր է, ինչ Վրաստանում ձնառատ և օդերևութաբանական բարդ պայմաններ են, ինչի պատճառով երկրի ողջ տարածքում ճանապարհային երթևեկության համար որոշակի սահմանափակումներ են մտցվել։
Արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատված, Խաշուրի-Ախալցիխե-Վալե մայրուղու Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 38 կմ -86 կմ հատվածում։ Այդ նույն մայրուղու (Բաթումի-Ախալցիխե) 86 կմ-106 կմ հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ամբողջ Վրաստանում 24 ժամ ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա։ Ընդհանուր հաշվով` մաքրման աշխատանքներ է կատարում ավելի քան 500 միավոր տեխնիկա։