Իրավիճակը ձնառատ Արևմտյան Վրաստանում

Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումները չեն դադարում. եղանակային պայմանները հատկապես մեծ խնդիրներ են ստեղծել Գուրիայում և Աջարիայում։ Տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։ Շատ ընտանիքներ մնացել են առանց բնակարանի. բնակչության մեծամասնությանը էլեկտրաէներգիա և ջուր չի մատակարարվում։ Գուրիայի գյուղերում առավոտից կրկին ձյուն է տեղում։

Տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվել է moxalise.ge (թարգմանաբար՝ կամավոր) կայքը։

Կայքի օգնությամբ կամավորները տեսնում են օգնության կարիք ունեցողների գտնվելու վայրը։ Կայքում նաև տուժածները կարող են կամավորներից օգնություն խնդրել։

Կայքի տվյալներով՝ Արևմտյան Վրաստանում այս պահին օգնության է սպասում ավելի քան 600 մարդ։

Օգնության խնդրանքների ամենամեծ թիվը (232) եղել է Օզուրգեթիի շրջանից։

Հատկապես հաճախ մարդիկ գրում են, որ չեն կարողանում կապ հաստատել տարեց հարազատների ու ծանոթների հետ։

Կամավորներից ոմանք ֆեյսբուքյան էջում գրել են, որ բժիշկներն ու շտապօգնությունը հաճախ չեն կարողանում հասնել հիվանդին, և իրենք հիվանդին  գյուղից տարհանում են շտապօգնության մեքենային ընդառաջ, որպեսզի տեղափոխվի կլինիկա։

Գրեթե բոլորը կտրված են արտաքին աշխարհից և կարիք ունեն սննդի, ջրի, դեղորայքի, ջեռուցման։ Շատերին պետք է տեղափոխել ապահով վայր։ Տուժածներն ու նրանց հարազատները գրել են, որ ձյան առատ տեղումների պատճառով հնարավոր է տներ փլուզվեն։

Բաթումիում բացվել է շտաբ՝ Գուրիայի և Աջարիայի գյուղերում աղետից տուժած մարդկանց համար անհրաժեշտ իրեր հավաքելու նպատակով։