Իրավապահ մարմինները հիանալի են աշխատել մարտի 7-9-ին Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ցույցերի ժամանակ, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Շնորհակալություն պարոն Վախթանգ Գոմելաուրիին (ՆԳՆ նախարար- խմբ.) և նրա թիմին։ Ամեն ինչ հիանալի հաշվարկված էր։ Ես ամեն ինչին հետևել եմ և գիտեմ, թե տղաները որքան բարձր պրոֆեսիոնալիզմով են հաղթահարել այս մարտահրավերը: Շնորհակալ եմ Տիրոջը, որ այս ամենն ավարտվեց ավելի քիչ կորուստներով»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ըստ վարչապետի՝ սուտ է այն պնդումը, թե ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ բռնություններն սկսել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևը։
Ի դեպ, մարտի 9-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ, որում ասվում է` շատ դեպքերում ցուցարարների նկատմամբ կիրառված ուժը անհամաչափ է եղել։
Նշենք, որ հանրահավաքում կիրառվել են ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։
Անհնազանդության և մանր խուլիգանության պատճառով մարտի 7-ի և 8-ի ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 133 ցուցարարի, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն մարտի 10-ին ասել է, որ մարտի 7-8-ի հանրահավաքները բազմիցս գերազանցել են հավաքների ու ցույցերի նորմերը և վերածվել բռնի գործողությունների։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների հետևանքով տուժել է 58 ոստիկան։