
Վրաստանի իրավաբանների ասոցիացիան բացասաբար է գնահատում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Կազմակերպությունը համարում է, որ օրենքի նախագծի բովանդակությունը, դրա քննարկումը ռիսկեր են պարունակում բևեռացման խորացման, սոցիալական առճակատման և ժողովրդավարական գործընթացների թուլացման առումով, որոնք ընդհանուր առմամբ կարող են վնասել եվրաինտեգրման գործընթացին։
«Վրաստանի համար կարևոր է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդել օրենքի գերակայությունը, պաշտպանել մարդու իրավունքները և ապահովել որակյալ արդարադատություն, ինչին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները արժեքավոր ներդրում ունեն:
Ըստ այդմ, նախագծով սահմանված տերմինի օգտագործումը, ինչպիսին է «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը, կարող է նպաստել իրավապաշտպանների մարգինալացմանը», — ասված է հայտարարության մեջ։