Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այսօր խորհրդարանին ներկայացրած ամենամյա հաշվետվությունը բուռն քննարկումների առիթ է դարձել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարներում։
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ևս անդրադարձել է նախագահի զեկույցին՝ այն համարելով բովանդակալից և կարևոր։
«Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում և՛ մտածված էր, և՛ կարևոր։ Ակնկալում եմ, թե ինչպիսի արձագանք կունենա այն Վրաստանում հետագա քննարկումներում»,- ասել է Հարցելը։
Ընդդիմությունը հիմնականում ողջունում է նախագահի շեշտադրումները։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիրոգի Գախարիան իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և շնորհակալություն հայտնել նախագահին.
«Շնորհակալություն Վրաստանի նախագահին, ով այսօր Վրաստանի խորհրդարանի ամբիոնից արժանապատիվ ձևով հնչեցրեց վրաց ազգի ձայնը»։
Ընդդիմադիր «Լելոյի» անդամ, պատգամավոր Դավիթ Ուսուփաշվիլին համաձայն է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն քննադատության հետ, որ երկրի կառավարման համակարգը պետք է փոխվի։
«Ցանկանում եմ ի սկզբանե հայտարարել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի այսօրվա ելույթը ամենաադեկվատներից է»,- ասել է Ուսուփաշվիլին։
Ուսուփաշվիլին անթույլատրելի է համարում նախագահի արտերկիր պաշտոնական այցերը խոչընդոտելը՝ նշելով «ինչ-որ մեկը ոչ միայն թույլտվություն չի տալիս, այլև խորհրդարանն ու նախագահը միասին չեն աշխատում ընդհանուր գործն ամրապնդելու հարցում»։
Ըստ նրա՝ համակարգային փոփոխություններ են պետք, այլապես երկիրը ցանկալի արդյունքի չի հասնի։
Գնահատելով նախագահ Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցը՝ Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, իշխող ուժի ներկայացուցիչ Գիա Վոլսկին էլ ասել է, որ «հիասթափված է» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից։
«Ես որոշ հիասթափություններ ունեմ, իհարկե, զեկույցը ստանդարտ ձև չուներ։ Սալոմե Զուրաբիշվիլին չխոսեց իր գործունեության մասին։ Նրա գործունեության մասին խոսքը շատ մակերեսային էր։ Նախագահի ելույթը բխում էր տարածաշրջանում և աշխարհում առկա իրավիճակից»,- ասել է Վոլսկին։
«Վրացական երազանք» կուսակցության անդամ Ալուդա Ղուդուշաուրին ասել է, որ «ուսումնասիրություն» է սկսվելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Եվրոպա չհայտարարված այցերի վերաբերյալ։ Նրա խոսքով, Զուրաբիշվիլիի քննադատությունը իշխող թիմի հասցեին անհիմն է։
«Ինչպես երևում է, տիկին նախագահն ուղղակի կամ անուղղակի, կարծես թե ինչ-որ կերպ հայտնվել է ՄԱՇ-ի բուլինգի տակ։ Սա է փաստը»,- ասել է Ալուդա Ղուդուշաուրին։