Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի հիմնադիր, «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան «Մթավարի արխի»-ում խնդիրների ծագման պատճառը համարում է գործարար Զազա Օքուաշվիլիի քաղաքականությունից հեռանալը։
Նրա խոսքով, Օքուաշվիլիի կինը՝ Նատո Չխեիձեն, որ տարիներ շարունակ եղել է խորհրդարանի պատգամավոր, պահանջել է մի քանի հոգու ընդգրկել իրենց կուսակցության պատգամավորական ցուցակում։ Ըստ Գվարամիայի.
- Զազա Օքուաշվիլին համաձայնել է Նիկա Գվարամիայի փոխարեն «Մթավարի արխի»-ի տնօրենի պաշտոնում Գիորգի Գաբունիային նշանակել՝ իր առաջադրած թեկնածուին համատնօրեն նշանակելու դիմաց։ Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ էր համատնօրենների հավանությունը:
- Նրանք հեռուստաալիքից պահանջել են ամեն ամիս 15 հազար լարի վճարել Նատո Չխեիձեին,
- Նատո Չխեիձեն պահանջել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի խորհրդարանական ցուցակում ընդգրկել երեք հոգու,
- Ցուցակում ընդգրկվելու մերժումից հետո «Գոգին բամաթիվ խնդիրներ է ստեղծել»:
«Այս պահին Գոգին շանտաժ է անում ակնհայտորեն Օքուաշվիլիի ցուցումով, և ես արդեն լիովին վստահ եմ՝ Իվանիշվիլիի հետ գործարքի մեջ է և փաստացի փակում է ալիքը», — գրված է Facebook-ում հրապարակված Գվարամիայի հայտարարության մեջ:
Գործարար Զազա Օքուաշվիլին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիային մեղադրել է զրպարտության համար և պնդել, որ ինքը ՀԸ-ը փակելու որոշում չի կայացրել:
««Մթավարի արխի»-ի հետ կապված խնդրահարույց հարցը, որը Նիկա Գվարամիան և Գիորգի Գաբունիան այդքան անսպասելի ներկայացրել են հանրությանը, չի սպասարկում հեռուստաալիքի շահերը և նրա դեմ արված քայլ է։ Հեռուստաալիքի հետ կապված, իմ կողմից՝ որպես գործընկերոջ, ընթացիկ ժամանակահատվածում որևէ միջամտություն կամ որևէ քայլ չի արվել, և այն պնդումները, որոնք հնչում են ալիքի ղեկավարության դեմ, կրկնվում են արդեն մի քանի ամիս», — ասված է Օքուաշվիլիի հայտարարության մեջ։
Հեռուստաընկերության համասեփականատիրոջ խոսքով, ինքն օրեր առաջ շփվել է մի խումբ լրագրողների հետ և նրանց ասել, որ «չնայած Նիկա Գվարամիան և Գիորգի Գաբունիան թալանել են գլխավոր ալիքը և արհեստականորեն սնանկացրել, ինքը նույնիսկ չի էլ մտածել ՀԸ-ն փակելու մասին և պատրաստակամություն է հայտնել գտնել համապատասխան աջակցություն ալիքին՝ ապահովելու համար վերջինիս կարիքները»:
Ըստ Զազա Օքուաշվիլիի, ինքը մի քանի միջազգային վեճեր է վարում Բիձինա Իվանիշվիլիի դեմ, հետևաբար՝ Իվանիշվիլիի հետ որևէ կապի վերաբերյալ Գիորգի Գաբունիայի «վատ ներկայացրած մեղադրանքը զավեշտական է և զուրկ տրամաբանությունից»:
Դեկտեմբերի 11-ին Գաբունիան ասել էր, որ ՀԸ-ի հիմնադիրներից Զազա Օքուաշվիլին որոշել է փակել հեռուստաալիքը։ Գաբունիան ասել էր՝ «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից մեկը որոշել է ներքաշվել «Վրացական երազանք»-ի նախաձեռնած զանգվածային բռնությունների մեջ և օգտագործել իր ձեռքի տակ եղած միջոցները՝ անձամբ բռնության ենթարկելով ՀԸ-ի լրագրողներին ու անհնարին դարձնելով նրանց աշխատանքը:
«Զազա Օքուաշվիլին որոշել է անել այն, ինչ այսօր իսկապես պետք է Բիձինա Իվանիշվիլիին. Զազա Օքուաշվիլին որոշել է փակել «Մթավարի արխի»-ն։ Սա շատ ցավալի է, և Օքուաշվիլին դա անում է իր նշանակած տնօրենի և իր առաջադրանքների հնազանդ կատարողի՝ Գոգի Քուրդաձեի ձեռքով», — ասել է Գաբունիան։